ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԽԱՂԱՔԱՐՏ ԽՈՇՈՐ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ
Հայաստանում քաղաքական պատկերացումները պարզունակ-կենցաղային են, և պատճառը քաղաքական մտքի սնանկությունն է՝ քաղաքական մտքեր գեներացնող ինստիտուտների բացակայության պատճառով: Կա տարածված պատկերացում, որ՝
1․ Արևմուտքի ու Ռուսաստանի, ինչպես նաև Արևմուտքի ու Չինաստանի միջև կենացմահու կռիվ է գնում, որի նպատակը միմյանց ոչնչացնելն է, և վերջում նրանցից մեկնումեկը հաղթելու է: Սա ենթադրում է, որ պետք է ընտրել ներունակ հաղթողին և նրա կողքը կանգնել.
2․ ներքաղաքական կյանքում ընդդիմությունը պետք է միշտ հակադրվի իշխանությանը, իսկ իշխանությունը՝ ընդդիմությանը, հակառակ դեպքում կամ ընդդիմությունն է ծախվել իշխանությանը, կամ իշխանությունն է թույլ.
3․ գերտերությունները կամ մեզ թշնամի են ու Հայաստանի դեմ դավադրություններ են կազմակերպում, կամ մեզ սիրում են ու մեր բարեկամներն են: Եվ սա ցեմենտված, անփոփոխ մոտեցում է:
Նման կարգի մոլորությունների շարքը կարելի է շարունակել:
Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն ավելի շուտ շախմատային պարտիա են խաղում՝ բազմաքայլ ու բազմաբովանդակ, որտեղ միմյանց ոչնչացնելու իմաստ չկա, որովհետև նախ՝ դա անհնար է, և հետո՝ շատ վտանգավոր հենց հաղթող կողմի համար: Պետք չէ մոռանալ, որ խոսքը միջուկային տերությունների միջև ընթացող պայքարի մասին է: Բոլորը հասկանում են, որ պատերազմին հաջորդելու են բանակցությունները, որտեղ հարմար դիրքավորվելու և պայմաններ թելադրելու համար պահանջվում է պատերազմում հաջողություններ գրանցել:
Այսինքն՝ պայքարը բանակցություններից առաջ լավ դիրքեր զբաղեցնելու համար է: Նոր աշխարհակարգի ապագա սկզբունքների ճշտորոշման գործընթաց է գնում, որի ընթացքում միմյանց ճնշում են, զսպող մեխանիզմներ են ստեղծում, նաև միմյանց նոր, փոխշահավետ հնարավորություններ են տալիս: Դա գործընթաց է: Կարևոր է՝ այդ գործընթացում դրսևորել ճիշտ պահվածք՝ չապավինել այս կամ այն կողմի վերջնական հաղթանակին և դրանից հետևող այս կամ այն գերտերության «պոչը» բռնելու կրավորական մարտավարությանը:
Պետք է սահմանել սեփական շահը և, ըստ այդմ, վարել քաղաքականություն՝ գիտակցելով, որ ո՛չ Արևմուտքն է պարտվելու, ո՛չ էլ Իրանն ու Ռուսաստանն են վերանալու քարտեզի վրայից: Հետևաբար՝ մեզ վիճակված է նրանց հետ շարունակել հարաբերությունները, եթե, իհարկե, կարողանանք պահպանել մեր ինքնիշխանությունը կամ գոնե այն նվազագույնը, ինչ մնացել է նրանից: Ինչ վերաբերում է ներքաղաքական կյանքին, ապա պետք է իմանալ, որ արտաքին քաղաքականության մասին սխալ պատկերացումները բացասաբար են անդրադառնում նաև ներքաղաքական զարգացումների վրա:
Խոշոր հաշվով՝ մենք չունենք մեզ թշնամի գերտերություն, որովհետև թշնամի լինելու համար պետք է քեզնից ինչ-որ բան ներկայացնես: Եթե միակ «արժանիքդ» դրսից հովանավոր փնտրելու կարողությունն է, ուրեմն պատրաստվիր դառնալ խաղաքարտ՝ «վեցնոց» կամ, լավագույն դեպքում, «տասնոց»: (Ոչ քաղաքագիտական բառապաշարի համար հայցում ենք ընթերցողի ներողամտությունը):
Այդ վերջին կարգավիճակում կարող ես դառնալ մեծ խաղի փոքր անդամ՝ ունենալով գոնե որոշ մանրմունր պահանջների բավարարման իրավասություն: Ցավոք, վերջին ոչ լրիվ 5 տարում մեզ չհաջողվեց նույնիսկ այդ նվազագույն շեմը հաղթահարել՝ մեր վեհերկոտ, անկար և թրքահոգի իշխանությունների երեսից: