Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ․ ՄԱՐԴԻԿ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԵԶ ՊԱՐՏԱԴՎՈՂ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ» ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՉԷ

Գործող իշխանություններն անցած տարվա ընթացքում հայտարարում էին՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կստորագրեն, բայց հիմա մենք 2023 թ-ի փետրվարի վերջին ենք և որևէ պայմանագիր դեռևս ստորագրված չէ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը՝ հավելելով, որ շատ հաճախ հայտարարություններն ու իրականությունն իրարից տարբերվում են, իսկ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ ներսից կա լուրջ դիմադրություն։

Նրա խոսքով՝ այդ դիմադրությունը կա նաև իշխանության, պետական մարմինների ներսում։

«Մարդիկ հասկանում են, որ մեզ պարտադվող «խաղաղության պայմանագիրն» ամենևին էլ խաղաղության չէ։ Դա նոր պատերազմի պատուհան, դուռ բացող պայմանագիր է։ Այդ պայմանագիրը Ադրբեջանին կտա այնպիսի առավելություններ, որ նա հնարավորություն կունենա մեկ կամ երկու տարի դադար վերցնել, հետո փաստաթուղթը պատռել և գցել աղբամանն ու նոր ագրեսիա սկսել Հայաստանի նկատմամբ՝ ունենալով շատ ավելի բարենպաստ պայմաններ։ Իշխանության ներսում բոլորը չէ, որ հիմար են, որոշ մարդիկ հասկանում են՝ պետք չէ նման թղթի տակ ստորագրել»,- նշեց Ավետիք Չալաբյանը։

Նա միաժամանակ ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով բոլորովին էլ պարտադիր չէ, որ Հայաստանը Արցախը թողնի Ադրբեջանի կազմում։ «Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցն ի վերջո կարող է անջատվել Արցախի հարցի լուծումից։ Այդ պայմանագրում կարող է նախատեսվել, որ Արցախի կարգավիճակի, Արցախի և Ադրբեջանի հարաբերությունների հարցը մնում է հետագա բանակցություններին»,- ընդգծեց նա՝ հավելելով, բանակցային գործընթացում նման տարբերակ դիտարկվում է։

Այսպիսով, ըստ Ավետիք Չալաբյանի, կարևոր է՝ այսօր չստորագրել այնպիսի փաստաթուղթ, որով կարելի է փակված համարել Արցախի հարցը, որը կարող է դառնալ միջազգային իրավունքի դե ֆակտո մաս։

«Պետք է բանակցությունները շարունակել այնքան ժամանակ, մինչև մենք կգանք հանգրվանին, որ Արցախի կարգավիճակի հարցը նորից կդառնա առանցքային»,- ասաց նա։

Ավետիք Չալաբյանի խոսքով՝ Ադրբեջանի շահերից էլ է բխում խաղաղությունը, ի վերջո չի կարող անընդհատ պատերազմել։ «2020 թվականի 44-օրյա պատերազմում Ադրբեջանը հսկայական գին է վճարել։ Մենք չենք խոսում իրենց զոհերի, չծնված երեխաների մասին. Մեկ տարում այնտեղ ծնելիությունը 15 հազարով նվազել է, չենք տեսնում այն տնտեսական վնասները, որոնք կրել են։ Այսինքն՝ իրենք էլ են մեծ գին վճարում պատերազմի համար»,- նշեց նա։

Ըստ նրա՝ պետք է Ադրբեջանին ստիպել և օգտագործել այն բոլոր հաղթաթղթերը, որ բանակցային գործընթացն աստիճանաբար բերեն միջազգային իրավունքի և արդարության դաշտ։ Այս դեպքում, ինչպես նշում է Չալաբյանը, Արցախի հարցը կունենա հայանպաստ լուծում։

«Ուստի պետք է իշխանությանը թույլ չտալ այդ կործանարար սխալը գործել ինչ-ինչ նկատառումներից ելնելով, իսկ դրա համար պետք է լինի լուրջ դիմադրություն»,- ասաց նա։

Ավետիք Չալաբյանը նաև նշեց, որ այս իշխանությունը շատ լուրջ կախված է հանրային կարծիքից, ուստի մշտապես զբաղված է մասշտաբային մանիպուլյացիայով։

«Ֆեյսբուքում տեսնում եք, թե ինչ քանակությամբ կեղծ օգտատերեր կան, որոնք առավոտից մինչև իրիկուն Նիկոլ Փաշինյան են գովում, մենկաբանում են նրա՝ եգիպտացորեն ուտելը, նրա կնոջ ճանապարհորդությունները՝ բնականաբար այդ ամենը փորձելով դրական լույսի ներքո ներկայացնել։ Մենք պետք է թույլ չտանք, որ Արցախի հարցում մեզ մանիպուլացնեն։ ՀՀ բնակչության առնվազն 95%-ը համարում է, որ Արցախը չպիտի լինի Ադրբեջանի կազմում։ Եթե բնակչության 95%-ն ունի միասնական, կոնսոլիդացված կարծիք, մենք պիտի կարողանանք այդ կարծիքը այս իշխանություններին պարտադրել։ Դա յուրաքանչյուրիս պարտականությունն է»,- հայտարարեց Ավետիք Չալաբյանը։

Panorama.am