Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ ԱԺ-Ն ՊԵՏՔ Է ԲԱՆԱՁԵՎ ԸՆԴՈՒՆԻ, ՈՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԵՂԱՍՊԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉՎԻ

Պետք է պահանջել, որ Ազգային ժողովն ընդունի բանաձև, որում Ադրբեջանը ճանաչվի որպես ցեղասպանություն իրականացնող սուբյեկտ։ Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Ադրբեջանի կողմից շարունակական ցեղասպանություն իրականացնելը պետք է ոչ թե ներքին լսարանի համար հնչեցվի ՀՀ պաշտոնատար անձանց կողմից, այլ պետք է դառնա միջազգային հարթակների քաղաքական օրակարգի հարց»,– ասաց իրավապաշտպանը։

Երկրորդ փաստաթուղթը, որ պետք է Սումգայիթի ողբերգության հետ կապված կառավարությունն ընդունի, ըստ Ալավերդյանի, պետք է Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, ավելի քան 320 այլ հայաբնակ բնակավայրերից բռնի տեղահանված հայերին վերապրողների կարգավիճակ տա։

«Նրանց մեջ կան այնպիսի անմարդկային տանջանքների ենթարկված մարդիկ, որոնք պահանջում են հոգածություն կառավարության և իշխանության կողմից»,–ասաց իրավապաշտպանը։

Sputnik Արմենիա