35 ՏԱՐԻ. «ՍՈՒՄԳԱՅԻԹԻՑ» ՄԻՆՉԵՎ ԲԵՐՁՈՐ

Նույնիսկ անցած 35 տարիների հեռավորությունից «սումգայիթի» մասին խոսելն ու գրելը շատ դժվար է։ Ժամանակը չի ամոքում այդ վերքը ոչ միայն այն պատճառով, որ այն չափազանց խորն ու ցավոտ է. ժամանակը չի ամոքել վերքերը նաև այն պատճառով, որ անասելի ցավ պատճառող հրեշավոր ոճրագործությունները բազմիցս կրկնվել են այս երեքուկես տասնամյակների ընթացքում: Դրանք կրկնվեցին նաև 1988-ի փետրվարյան այն երեք օրերից շատ կարճ ժամանակ անց՝ Գանձակում, Բաքվում, Մարաղայում, կրկնվեցին և՛ 2004-ին Բուդապեշտում, և՛ 2016-ին, և՛ բոլորովին վերջերս, մեզ համար աղետալի 44-օրյա պատերազմում։

Ադրբեջանական Սումգայիթում 1988 թվականի փետրվարի 27-29-ին ծավալված իրադարձությունները դարձան Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության շարունակությունը: Այս անառարկելի ճշմարտությունն իր հաստատումն է ստացել անցած բոլոր 35 տարիների ընթացքում և այսօր էլ հաստատվում է մարդկության դեմ այդ ամենասարսափելի հանցագործության կատարման ևս մեկ միջոցի՝ Արցախի ժողովրդին գրեթե երկամսյա շրջափակմամբ խեղդելու տեսքով։ Թուրքիան և Ադրբեջանը չեն թաքցնում իրենց ցեղասպան քաղաքականության նպատակը, որն արդեն ավելի քան մեկ դար անպատիժ է մնում։ Հենց անպատժելիությունն է խրախուսում երկու հանցավոր պետություններին այսօր էլ շարունակել իրենց ոճրագործությունները հայ ժողովրդի դեմ։ Եվ հենց «սումգայիթից» սկսվեց այդ քաղաքականության իրականացման հերթական փուլի մեկնարկը։

«Սումգայիթի» մասին խոսելն ու գրելը մինչ օրս շատ դժվար է, քանի որ քաղաքակիրթ մարդու միտքը հրաժարվում է ընկալել այն ամենի անմարդկայնությունն ու հրեշավորությունը, որ անում էին ադրբեջանցիների ամբոխները Սումգայիթի հայերի հանդեպ։ Ադրբեջանի «ինտերնացիոնալ» մայրաքաղաքից ընդամենը 25 կմ հեռավորության վրա գտնվող խորհրդային քաղաքում ամբողջ երեք օր շարունակվում էր ցեղասպանությունը՝ բռնության, սպանությունների, խոշտանգումների և ծանակումների ամենազարհուրելի, այլասերված մեթոդների կիրառմամբ խաղաղ և բացարձակ անպաշտպան հայերի նկատմամբ: Երեք օր շարունակ Ադրբեջանի ղեկավարությունը և գորբաչովյան կենտրոնը միանգամայն գիտակցաբար և միտումնավոր խուլ ու համր էին մնում Սումգայիթում տեղի ունեցող ամենի նկատմամբ՝ դրանով իսկ ապացուցելով, որ զանգվածային ոճրագործությունը հանգամանորեն ծրագրված, կազմակերպված և համակարգված էր ամենավերևից։

Հայկական կողմն ունի բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ «սումգայիթը» կազմակերպվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից, մոսկովյան իշխանությունների լուռ համաձայնությամբ և աջակցությամբ։ Ադրբեջանի այս ոճրագործությունն առավել փաստագրված է՝ շնորհիվ տարբեր տարիներին հավաքված հսկայական արխիվի, բազմաթիվ վկայությունների, տեսանյութերի, լուսանկարների և այլ նյութերի, որոնք կասկածի նշույլ անգամ չեն թողնում, որ տեղի ունեցածը եղել է հանցագործություն ազգային հատկանիշով, ցեղասպանություն:

Սակայն առ այսօր միայն Խորհրդային Հայաստանի խորհրդարանն է պաշտոնական որոշմամբ ճանաչել այդ իրադարձությունները ցեղասպանություն և 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության շարունակություն։ Անկախ Հայաստանում դա չի արվել, չնայած փորձագիտական հանրության բոլոր ջանքերին ու կոչերին։

1988թ. փետրվարին Բաքվի և Մոսկվայի նպատակները համընկան մեկ բանում՝ սաղմնային վիճակում խեղդել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը, որը սրընթաց թափ էր հավաքում։ Ցեղասպան Թուրքիայի զավակ Ադրբեջանը ուներ նաև այլ նպատակ. հիշեցնել հայերին 1915թ. տեղի ունեցածը և սկսել զավթախուժման քաղաքականության նոր փուլ՝ տարածաշրջանը հայերից մաքրելու վերջնական խնդրով, ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը զավթելու հեռանկարով։ Դա առանձնակի ցայտուն ու ակնհայտ է դրսևորվում այսօր, քանզի այն ամենի սկիզբը, ինչ տեղի է ունենում մեր օրերում, դրվել է 1915-ին և կրկին հաստատվել 1988-ին Սումգայիթում։

«Սումգայիթի» մասին խոսելն ու գրելն այսօր շատ դժվար է նաև այն պատճառով, որ Հայաստանում գործող օկուպացիոն ռեժիմն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի օգնի Թուրքիային և Ադրբեջանին հասնել իրենց վերջնական նպատակներին։ 44-օրյա պատերազմը՝ դրա բազմաթիվ ապացույցներով, ըստ էության, շարունակվում է առ այսօր՝ արդեն հակահայկական անդադար քայլերի և գործողությունների տեսքով, որոնք կատարվում են ինչպես հրապարակավ, այնպես էլ ժողովրդի թիկունքում, և հետապնդում մեկ նպատակ. թուրքերին հանձնել և՛ Արցախը, և՛ Հայաստանը։ Այս ամենի մեջ ամենազազրելին ու ցինիկն այն փաստն է, որ փաշինյանական ոհմակը գերազանց գիտակցում է, որ իր վարած քաղաքականության արդյունքում «սումգայիթն» այսօր սպառնում է Արցախին, իսկ վաղը՝ Հայաստանին, բայց համառորեն ու նպատակաուղղված շարունակում է իրականացնել դա։

Սա վառ դրսևորվեց նաև այն հայտարարություններում, որոնք հնչեցրին ՀՀ նախագահ կոչեցյալն ու ԱԳՆ։ Ընդհանուր առմամբ ճիշտ գնահատական տալով 1988թ.փետրվարի 27-29-ի դեպքերին և արձանագրելով Ադրբեջանի քաղաքականության անփոփոխությունը, երկու փաստաթղթերն էլ ավարտվում են «խաղաղության օրակարգին» հավատարիմ մնալու երդմնալի հավաստիացումներով։

«Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական իշխանությունների հիշյալ ոճրագործությունները ոչ թե առանձին դրվագներ էին, այլ պետականորեն ծրագրված հայատյացության վառ օրինակներ, որոնց շարունակական դրսևորումների հետևանքով բռնի տեղահանվեցին նաև Շահումյանի շրջանի, Գետաշենի, իսկ 44-օրյա պատերազմի հետևանքով նաև Հադրութի, Շուշիի ինչպես նաև հարակից շրջանների տասնյակ հազարավոր հայեր:

Ադրբեջանն, այսպիսով, շարունակում է արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու միջոցով Լեռնային Ղարաբաղը հայաթափելու իր քաղաքականությունը, որը կանխելու գործում հրամայական է միջազգային հանրության հասցեական դատապարտումն ու համապատասխան միջազգային մեխանիզմների կիրառումը»,- հավաստում է իրեն ՀՀ ԱԳՆ կոչող կառույցը։

Միևնույն ժամանակ այդ կառույցի ղեկավարը, շրջելով համաշխարհային տերությունների մայրաքաղաքներով, բացահայտ կերպով արագացնում է Արցախի հանձնման գործընթացը նույն այն Ադրբեջանին, որի դատապարտումը միջազգային հանրության կողմից պահանջում է մեջբերված փաստաթուղթը։ Դրանով իսկ փաստացի երաշխավորելով այն ամենի կրկնությունը, ինչ կատարվեց և՛ Սումգայիթում, և՛ Բաքվում, և՛ Մարաղայում, և՛ հետո՝ սարսափելի շարանով։ Ընդհուպ մինչև Բերձոր, որը դարձավ նիկոլ-ալիևյան տանդեմի ջանքերով շարունակվող հակահայկական հանցավոր քաղաքականության վերջին օղակը ժամանակային առումով։

Այդ շարանին վերջ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին է թուրքական օկուպացիոն ռեժիմը։ Քանզի «սումգայիթի» և հայ ժողովրդի դեմ այդօրինակ բոլոր ոճրագործությունների չկրկնման միակ երաշխիքը կարող է լինել միայն հզոր Հայաստանը՝ ուժեղ բանակով, և անկախ ու հզոր Արցախը։