Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրներն է Գարեգին 2-րդը ներկայացրել ԱՄՆ նոր դեսպանին

Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը քննարկել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ։

«Վեհափառն անդրադարձել է Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին, վերջինիս կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանը՝ հույս հայտնելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները գործուն քայլեր կձեռնարկեն Ադրբեջանի նմանօրինակ քաղաքականությունը զսպելու և արցախահայության ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կաթողիկոսն ընդգծել է նաև 44–օրյա պատերազմի ժամանակ գերության մեջ հայտնված հայերի ազատ արձակման կարևորությունը։

Զրուցակիցները քննարկել են նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները, սրբավայրերի պղծման և ոչնչացման փաստագրված միջադեպերը։

Իր հերթին դեսպան Քրիստինա Քվինը վստահեցրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և անձամբ ինքը կշարունակեն իրենց ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ:

Sputnik Արմենիա