Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՈՐԵՎԷ ԵՐԱՇԽԻՔ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ, ՈՐ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ԱՆՑԱԿԵՏԵՐԻ ՀԱՐՑԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴՈՒՐՍ ԿԲԵՐՎԻ ՕՐԱԿԱՐԳԻՑ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՌԴ ԱԳ նախարարի այցը Բաքու հասկանալի հետաքրքրություն է առաջացրել և´ «Լաչինի միջանցքի» ճգնաժամի, և´ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների, և´ տարածաշրջանային զարգացումների համատեքստում։

Որքան էլ ուշադրություն կա Բաքվում Լավրովի հնչեցվող հայտարարությունների և, մասնավորապես, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում միջանցքում անցակետ նախատեսված չլինելու շուրջ, դժվար է չհիշել 2020 թվականի հետպատերազմյան փուլում Ադրբեջանի պահվածքը:

Իսկ ինչի նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է՞ր, որ Ադրբեջանը 2022-ի գարնանը, 2022-ի դեկտեմբերից մինչ այժմ պետք է տարբեր միջոցներով խափանի ՀՀ-ից Արցախ գազամատակարարումը կամ 2023-ին ահաբեկչության միջոցով շարքից հանի ՀՀ-Արցախ էլեկրագիծը:

Միգուցե եռակողմ փաստաթղթում ամրագրված էր 2022-ի ապրիլին Փառուխ գյուղի, ապա Քարագլուխ լեռնաշղթայի նկատմամբ ադրբեջանական առաջխաղացումը կամ նույն թվականի օգոստոսին մի քանի ռազմավարական բարձունքների նկատմամբ ադրբեջանական հարձակումները, որոնց հետևանքով Արցախը և´ մարդկային, և´ տարածքային կորուստներ ունեցավ:

Ադրբեջանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն իրականացնում է խիստ ընտրողաբար և փաստաթղթի դրույթների պահպանման նկատմամբ վաղուց վստահություն չկա:

Այնպես որ, որևէ երաշխիք չեմ տեսնում, որ միջանցքում անցակետերի հարցը վերջնական դուրս կբերվի օրակարգից, մանավանդ, որ Ադրբեջանի նախագահը այն տարբեր ձևակերպումներով շարունակում է պնդել:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ ներկայումս օրակարգում է նույն միջանցքում ռենտգեն սարքի տեղակայման հարցը, որի մասին ամիսներ շարունակ բանակցում են Արցախի ու Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները և որի մասին Բաքվում անուղղակի նշեց նաև ՌԴ ԱԳ նախարարը. սա ևս ամրագրված չէր հայտնի փաստաթղթում»։

Panorama.am