Սահմանամերձ Խոզնավար գյուղ տանող ճանապարհն ընթացիկ տարում կվերանորոգվի

Սյունիքի մարզի սահմանամերձ Խոզնավար գյուղ տանող ճանապարհն այս տարի կվերանորոգվի: Այս մասին այսօր ԱԺ նիստում կառավարական ժամի ընթացքում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նախարարը պատգամավորների ուշադրությունը հրավիրեց հարևանությամբ գտնվող երեք գյուղերի վրա։ Դրանք են՝ Խոզնավարը, Վաղատուրն ու Խնածախը։

Նրա խոսքով՝ առաջնահերթությունը տրվել է Խոզնավարի ուղղությամբ ճանապարհի կառուցմանը։

«Սա մտնում է կառավարության 2023 թվականի ծրագրի մեջ։ Ճանապարհի երկարությունը, եթե չեմ սխալվում, կկազմի մոտ 18,5 կմ։ Կառավարությունն արդեն գումար է հատկացրել։ Այս տարի կսկսենք»,-ասաց Սանոսյանը։

Ընդ որում, նա չպատասխանեց այն հարցին, թե նախատեսվում է արդյոք վերանորոգել Վաղատուր-Խնածախ երկրորդ ճանապարհը։

News.am