Թևան ՊՈՂՈՍՅԱՆ. ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՄԵՆՔ ՊԱՅՔԱՐԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ։ ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԶԻՋՈ՞ՒՄՆ ԱՐՎԻ
Ո՞ւմ են պետք Արցախի իշխանությունների հայտարարությունները, որ չենք ինտեգրվելու, եթե ամեն օր հանդիպումներ ու քննարկումներ անցկացնենք ադրբեջանցիների հետ։ Մի գեղեցիկ օր նույն բնապահպանները կմնան հանքի տարածքում ու ոչ մի տեղ չեն գնա, իսկ հետո կասեն՝ հանձնե՛ք շրջակա գյուղերն էլ, հետո էլի ուրիշ բան։ Սկզբից պետք էր հաստատել միջազգային մեխանիզմները և նոր միայն նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս ամենին նպաստել են Հայաստանի իշխանությունները, ամեն ինչ սկսվում է այստեղից։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը։
«Ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ համար ենք մենք պայքարել Հաագայի դատարանում։ Որ հայկական կողմից հերթական զիջո՞ւմն արվի։ Ի՞նչ ձևաչափով պետք է բանակցեն Ադրբեջանն ու Արցախը»,- տարակուսեց փորձագետը։
Նրա գնահատմամբ, Արցախի իշխանությունները, ստանալով պայքարի մանդատ, ցանկանում են փոփոխությունների գնալ՝ նրանք Հայաստանի ճնշման տակ գնում են այն գործընթացներին, որոնք Ադրբեջանը ներկայացնում է որպես ինտեգրացիոն գործընթաց։ Ավելին, Ադրբեջանն արդեն Լեռնային Ղարաբաղի հետ կապերի համար պատասխանատու է նշանակել իր պատգամավորին։
«Սա՞ է լինելու բանակցային ձևաչափը։ Այդ դեպքում թող Արցախի խորհրդարանը նշանակի իր ներկայացուցչին»,- առաջարկեց Պողոսյանը։
Նա ափսոսանք հայտնեց Արցախում տեղի ունեցող գործընթացների համար, որի ժողովուրդը նախկինում պայքարելու պատրաստակամություն էր հայտնել։
«Իսկ Հաագայում մենք իբր պետք է պայքարեինք Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման համար՝ առանց նախապայմանների։ Եթե Արցախի նախագահը բացառում է ինտեգրացիոն որևէ գործընթաց, ապա թող բացահայտ պատասխանի ադրբեջանցիներին, որոնք պնդում են, որ քննարկել են «ինտեգրացիոն գործընթացները հայ համայնքի ներկայացուցիչների հետ»։ Քանի անգամ են Հայաստանի ու Արցախի իշխանություններն ասել, որ բացառում են այս կամ այն։ Ինչի՞ն հավատանք։ Ինչու՞ Բաքուն հանկարծ դադարեց խոսել ի սկզբանե հռչակված նպատակի՝ Արցախից հայերի վտարման մասին։ Մի՞թե պարզ չէր, որ Լաչինի միջանցքի հարցում խնդիրը Ռուբեն Վարդանյանի մեջ չէր։ Հիմա նրա գնալուց հետո բացե՞լ են միջանցքը։ Էլեկտրամատակարարումը վերականգնվե՞լ է»,- հավելեց փորձագետը։
Նա հիշեցրեց, որ 1990-ականներից Ադրբեջանի դիվանագիտական մոտեցումները չեն փոխվում՝ Բաքուն անընդհատ փորձում է հայկական կողմին համոզել ինչ-որ բան զիջել։
«Արցախի նույն իշխանությունները մի քանի ամիս շարունակ համոզում են, որ Լաչինի միջանցքում ոչ մի բնապահպան չկա։ Այս դեպքում ո՞ւմ են բաց թողնելու հանքի տարածք։ Մինչ այդ գոնե խոսում էին թույլտվության միջազգային ձևաչափի մասին։ Հիմա ադրբեջանցիները, այդ թվում՝ աղավնին սպանած կինը և «գորշ գայլերի» ներկայացուցիչները, այնտեղ մոնիտորի՞նգ են անցկացնելու»,- ևս մեկ հռետորական հարց տվեց քաղաքագետը.
Արցախի խնդրի լուծումը, նրա համոզմամբ, Երևանում է։
«Ամենամեծ ճնշումը գալիս է Հայաստանի իշխանություններից։ Երևանից եղե՞լ են աջակցության մասին հայտարարություններ։ Ոչ։ Հայաստանի իշխանությունները ցանկանում են, որ ղարաբաղյան խնդիրն այլևս չբարձրաձայնվի ընտրություններում և դուրս գա քաղաքական օրակարգից։ Բայց նրանք մոռանում են, որ առանց Արցախի Հայաստան չի լինի։ Հայաստանում ի՞նչ ընտրությունների մասին է խոսք լինելու այս դեպքում։ Պարտված ուժը կբերի նոր պարտությունների, իսկ Արցախի ճակատագիրը կարող է կրկնվել Հայաստանում։ Այս ամենը պարտված իշխանության քաղաքականության արդյունքն է, որի վրա ճնշումներ են գործադրում և ուզում են մի բան պոկել»,- նշեց Պողոսյանը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, ինչպես պարզաբանեց փորձագետը, նրան անհրաժեշտ է ներկայություն Լեռնային Ղարաբաղում, նրան պետք է ցույց տալ, որ իր միջամտությամբ խաղաղություն է հաստատվում։
«Նրանց համար միևնույնն է՝ Լաչինի միջանցքում սքաներ կա թե ոչ։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այս մասին ոչինչ գրված չէ։ Բայց եթե հայկական կողմն ընդունում է այդ պայմանը, ապա ի՞նչ տարբերություն Մոսկվայի համար։ Լավրովը Արևմուտքին ասել է, թե իբր, կարող եք՝ եկեք։ Բայց եթե փորձեք ինչ-որ բան անել, ապա ստիպված կլինեք աշխատել երկրի վրա: Իսկ ո՞վ է երկրի վրա: Լավրովը, հայտարարելով, որ Ռուսաստանը չի պնդի, ասում է, որ Մոսկվան կգնա իր ճանապարհով, կօգտագործի իր գործիքները»,- եզրափակեց քաղաքագետը։