«ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ» ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՎԱՃԵԼՈՒ ԽԱՂԱՂ ԾՐԱԳԻՐ
Վերջին շրջանում Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանության մեջ ակտիվացել է «Արևմտյան Ադրբեջանի» և «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» մասին խոսույթը՝ ամենաբարձր մակարդակով։ Ստեղծվել է պետության կողմից ուղղորդվող և հրահանգավորվող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» պսևդո-կազմակերպությունը։ Հայաստանում թե՛ պետական մակարդակով, թե՛ լրատվական դաշտում անդրադարձներ թշնամական այս նոր նախաձեռնությանը գրեթե չկան, թեև այն աստիճանաբար վտանգավոր բնույթ է ձեռք բերում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար։ «Հայկական ալիքը» փորձում է պարզաբանել ընթերցողի համար, թե ինչ են իրենցից ներկայացնում Ադրբեջանի կողմից արհեստականորեն ստեղծված այս տերմինները, և ինչ նոր պահանջներ են առաջադրվում Հայաստանին միջազգային հարթակում։
Ո՞ր տարածքն է ենթադրվում «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպման ներքո
Վերջերս Ադրբեջանի կողմից հաճախ շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» արհեստածին եզրույթի տակ նկատի է առնվում ներկայիս Հայաստանի Հանրապետության ամբողջ սուվերեն տարածքը։ Սա իր տարածքային հավակնություններին լեգիտիմություն հաղորդելու և այդ տարածքի նկատմամբ պատմական իրավունքներով հավակնելու նպատակով կեղծ տեղանուններ ստեղծելու Ադրբեջանի պետական քաղաքականության առաջին օրինակը չէ։ Հայաստանից տարածքային պահանջների համատեքստում Ադրբեջանը ակտիվորեն շրջանառում է նաև «Արևմտյան Զանգեզուր» տերմինը՝ նկատի ունենալով ՀՀ Սյունիքի մարզը, իսկ «Արևելյան Զանգեզուր» կեղծ անվան տակ հասկացվում են Արցախի Հանրապետության հարավարևմտյան այն հատվածները (Քաշաթաղի շրջան), որոնք օկուպացվել են 2020 թ. Արցախյան երրորդ պատերազմի արդյունքում։ Նույն քաղաքականությունը իրականացվում է նաև Իրանի հյուսիսարևմտյան նահանգների նկատմամբ՝ դրանք կոչելով «Հարավային Ադրբեջան»։
Ի՞նչ է իրենից ներկայացնում «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»
2022թ․-ի օգոստոսի 3-ին կայացել է 1989թ․-ից գործող «Ադրբեջանի փախստականների միություն» հասարակական միության ընդհանուր նիստը, որում այն վերանվանվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» հասարակական կազմակերպության։ Վերջինիս նախագահը Ազիզ Ալաքբարլին է։ Այս կեղծ կազմակերպությունը որպես իր նպատակ հռչակում է «այն ադրբեջանցիների և նրանց ժառանգների իրավունքերի վերականգնումը, ովքեր տարբեր ժամանակ արտաքսվել են Հայաստանից իրենց ազգային պատկանելության պատճառով և նրանց վերադարձի ապահովումը հայրական տներ»։
Թե՛ իր անվանմամբ, թե՛ բնույթով ու գործունեությամբ այս կազմակերպությունը ունի լիակատար հակահայկական ուղղվածություն։ Ըստ էության, կազմակերպության նպատակն է միջազգային հարթակներում բարձրաձայնելը ՀՀ ներկայիս տարածքի իբրև թե ադրբեջանական պատկանելության, այնտեղ իբրև թե 100.000 «ադրբեջանցի փախստականների» վերադարձի անհրաժեշտության և «ադրբեջանական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» մասին՝ լեգիտիմություն ապահովելով հետագա հակահայկական գործողությունների և ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ ծավալապաշտության համար։
Պետությունը կապ ունի՞ այս կազմակերպության հետ
Կազմակերպության գործունեությունը համակարգվում և ուղղորդվում է պետականորեն։ 2022թ․-իդեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է կազմակերպության՝ Բաքվում գտնվող վարչական շենք և ծանոթացել պայմաններին։ Ալիևը ծավալուն ելույթ է ունեցել, որը լավագույնս ապացուցում է, որ կազմակերպությունը ընդամենը խամաճիկ է պետության ձեռքում՝ իր նվաճողական քաղաքականությունը միջազգային հարթակում «մարդու իրավունքների» քողի տակ կյանքի կոչելու համար։
«Վստահ եմ, որ կգա օրը, և Արևմտյան Ադրբեջանի մեր հայրենակիցները, նրանց հարազատները, երեխաներն ու թոռները կվերադառնան մեր պատմական հող՝ Արևմտյան Ադրբեջան։
․․․ Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է, դա հաստատվում է բազմաթիվ պատմական փաստաթղթերով, պատմական քարտեզներով, մեր պատմությամբ։
․․․ Մեզ քաջ հայտնի է, որ ադրբեջանական ժողովուրդը պատմության ընթացքում ապրել է ներկայիս Հայաստանի տարածքում։ Այժմ մեր հիմնական խնդիրն է այդ տեղեկությունը հասցնել համաշխարհային հանրությանը։ Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Բայց վստահ եմ, որ համայնքն այս ուղղությամբ ավելի նպատակային է աշխատելու` արդյունքի հասնելու համար»։
Իր ելույթում Ալիևը պատմական դավաճանություն ու հանցագործություն է համարում 1918-1920թթ․-ին Երևանն ու Զանգեզուրը Հայաստանին «նվիրելը»։
«Ուստի Արևմտյան Ադրբեջանում հայերի պատճառած ավերածությունները պետք է հասցվեն համաշխարհային հանրությանը։ Վստահ եմ, որ Արևմտյան Ադրբեջան համայնքը դա կանի ադրբեջանական պետության աջակցությամբ։
Կարծում եմ, որ բոլորիս համար շատ կարևոր է, որ արևմտյան ադրբեջանական համայնքը գործի ավելի կազմակերպված՝ և՛ Արևմտյան Ադրբեջանի բնակիչների, և՛ Ադրբեջանի ողջ ժողովրդի համար։ Կարծում եմ, որ հետագայում այս աշխատանքը պետք է ավելի նպատակային իրականացնեն։ Այսինքն՝ կազմակերպությունը ստեղծվել է, համայնքը ստեղծվել է, կառավարությունը աջակցություն է ցուցաբերել ու ցուցաբերելու է։ Հետագա հրահանգները կտրվեն իմ կողմից»։
Արդյոք սա վտանգ ներկայացնու՞մ է Հայաստանի համար
ՀՀ դե-ֆակտո իշխանությունները ոչ մի անգամ պետական մակարդակով չեն արձագանքել ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը կոպտորեն ոտնահարող այս հավակնոտ հայտարարություններին, թեև դրանք գնալով վտանգավոր բնույթ են ձեռք բերում։ Այս տերմինների անընդհատ շրջանառումը ադրբեջանական ներքին լսարանում ձևավորում է հանրային պահանջատիրություն Հայաստանի ներկայիս տարածքի նկատմամբ և Արցախից բացի, և դրանից էլ ավելի մեծ տարածքների «օկուպացիայի» խոսույթի շուրջ գեներացնում հայատյացություն ոչ միայն իբրև թե 34 տարի առաջ այստեղից վտարված ադրբեջանցի «փախստականների», այլև երիտասարդ սերնդի շրջանում։
Ադրբեջանը ակտիվորեն աշխատում է նախ՝ իր հավակնությունների համար «գիտական» հիմք ապահովելու և ապա՝ դրանք միջազգային հարթակ դուրս բերելու համար, ինչում, անշուշտ, հաջողում է։ Օրինակ՝ վերջերս Ադրբեջանի ԳԱԱ-ում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» ուսումնասիրություններին վերաբերող 3 բաժին է բացվել՝ «Արևմտյան Ադրբեջանի» պատմության բաժին, «Արևմտյան Ադրբեջանի» ժողովրդական բանահյուսության և տեղանվանաբանության բաժին։ Ինքը Ալիևը իր ելույթում բազմիցս նշում է, որ անհրաժեշտ է հավաքագրել բոլոր այն բնակավայրերի անունները, որտեղ ժամանակին ապրել են ադրբեջանցիները․
«Իհարկե, պատմական փաստերի վերաբերյալ մեր գրքերը պետք է թարմացվեն։ Որոշակի ժամանակաշրջանում հրատարակվել են գրքեր, այդ թվում՝ գիրք մեր պատմական քաղաքների ու գյուղերի անունների մասին։ Բայց մենք դա պետք է անենք պետական մակարդակով։ Այդ գրքույկըպետք է թարգմանվի բոլոր լեզուներով։ Այսինքն՝ այդ քարոզչական աշխատանքները պետք էիրականացվեն»։
Կազմակերպությունը արդեն կազմել է ցուցակ 100.000 այն ադրբեջանցիների անուններով, ովքեր պետք է «վերադառնան» Հայաստան։
Սակայն կազմակերպության արձանագրած ամենախոշոր հաջողությունը թերևս ՄԱԿ-ի կողմից իրենց դիմումը միջազգային հանրությանը շրջանառելն էր որպես ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի, Անվտանգության խորհրդի և Տնտեսական ու սոցիալական խորհրդի փաստաթուղթ։ Փաստաթղթի վերջում, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» պահանջում է «Հայաստանի կառավարությունից միջազգային գործընթացի շրջանակներում հնարավորություն ընձեռել էթնիկ ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձին» ՀՀ ներկայիս տարածք և խնդրում է ՄԱԿ անդամ երկրներին, ՄԱԿ-ի կազմակերպությանը և բոլոր այլ համապատասխան միջազգային կազմակերպություններին «աջակցել ներկայիս Հայաստանից վտարված էթնիկ ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձին իրենց տները»:
Ո՞րն է Թուրքիայի դերը
Ինչպես բոլոր հարցերում, այս հարցում ևս Թուրքիան աջակցում և միգուցե անգամ գաղտնի կերպով ուղղորդում է Ադրբեջանին։ Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը ավելի քան հարյուր տարի առաջ ստեղծվեց Թուրքիայի կողմից որպես պլացդարմ՝ երկարատև հեռանկարում Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունների հետ կապվելու համար։ Ուստի, տարածաշրջանում հայկական քաղաքական միավորի վերացումը, այս դեպքում՝ աստիճանաբար՝ էթնիկական պատկերը փոխելու միջոցով, ձեռնտու է առաջին հերթին հենց Թուրքիային։ Սրա վկայությունն է հունվարի 23-ին Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըի այցը կազմակերպություն, որի ընթացքում նա նշել է, որ «Թուրքիան միշտ եղբայրական Ադրբեջանի կողքին է իր արդար պայքարում»։
Արփի Մադոյան, HayAliq.com