Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՎԱՂՈՒՑ ՊԵՏՔ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՆԹԱՐԿԵՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ
Եթե ժամանակին ասողին լսող լիներ, այսօր Ադրբեջանը միջազգային դատարաններում չէր համարձակվի Հայաստանի Հանրապետության դեմ հայցեր ներկայացնել։ Ստորև բերված հոդվածը գրվել է 2011 թ. հունվարին երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն (ավելի ուշ թարգմանվել է նաև ֆրանսերեն)։ Ահա մի հատված՝
«...Հետևաբար, ադրբեջանական պետական ֆաշիզմի ցեղասպանական ծրագրերին այսօր էլ կարելի է համարժեքորեն պատասխանել նրա դեմ իրավական հետապնդում սկսելով՝ դատարանի դահլիճում նրան մերկացնելով հայասպանության մեջ, սկսած հայերի կոտորածներից նորաստեղծ մուսավաթական Ադրբեջանում, մասնավորապես՝ Բաքվում (1918 թ.) և Շուշիում (1920 թ.), մինչև էթնիկական զտումները Նախիջևանում (1918-1988 թթ.), Սումգայիթում, Կիրովաբադում, դարձյալ Բաքվում, դաշտային և լեռնային Ղարաբաղում (1988-1994 թթ.)։ Այս գործը վաղուց ի վեր, մաս-մաս ու հանգամանորեն, պետք է քննվեր Երևանում՝ Հայաստանի Հանրապետության ստեղծած հատուկ տրիբունալում։ Բացի այդ՝ ՀՀ-ի և Սփյուռքի կառույցները պետք է ամեն կերպ՝ իրավական, ֆինանսական, կազմակերպչական առումներով աջակցեին Ադրբեջանում հայասպանության ու էթնիկական զտումների հետևանքով արտասահմանում հայտնվածներին, որպեսզի նրանք այդ պետությունների ազգային դատարաններում առանձին գործեր հարուցեին իրենց դեմ կատարված հանցագործությունների վերաբերյալ։ Այս ամենը դեռևս արված չէ, սակայն ուշացնել այլևս չի կարելի, մանավանդ որ Ադրբեջանը պատրաստվում է ինքը միջազգային իրավական կանխարգելիչ գրոհ ձեռնարկել՝ իր իսկ հնարած կեղծ մեղադանքներով։ Ուստի հարկ է առանց հապաղելու ՀՀ իրավասու քննչական մարմնում ստեղծել հատուկ քննչական խումբ, որն իր վրա կվերցնի նախախորհրդային, խորհրդային և հետխորհրդային Ադրբեջանի շրջաններում ու քաղաքներում, Արցախում ու Նախիջևանում հայության դեմ կատարված հանցագործությունների փաստերի հավաքագրումն ու վերլուծությունը, ինչպես նաև այդ վիթխարի գործի նախապատրաստությունն ընդհանուր դատավարությանը։ Քննչական օժանդակ մի խումբ էլ պետք է ստեղծել ԼՂՀ-ում։ Այնուհետև հենվելով միջազգային իրավունքի՝ մարդկայնության դեմ կատարված հանցագործությունների գործող օրենսդրական մեծ կորպուսի վրա, պետք է անցկացնել բուն դատավարությունը Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Դատավարության նախապատրաստության և անցկացման աշխատանքներին հարկավոր է ներգրավել բարձրագույն որակավորում ունեցող միջազգային մասնագետների։
Կոպտագույն սխալ էր, մի կողմից՝ խոսել Արցախի հայության Ադրբեջանից ամբողջովին անջատվելու իրավունքի մասին, մյուս կողմից՝ խուսափել Ադրբեջանի՝ մարդկայնության դեմ կատարած հանցագործություններին դատարանի դահլիճում իրավական գնահատականներ տալուց։ Այդ սխալը մեծապես թուլացրեց ՀՀ և ԼՂՀ դիրքերը դիվանագիտական ճակատում։ Եթե անկախ հայկական պետությունն ինքը չի համարձակվում դատել իր հայրենակիցների զանգվածային սպանությունների, ջարդերի և բռնի տեղահանությունների կազմակերպիչներին ու կատարողներին, այսինքն՝ չի փորձում սեփական ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանական քաղաքականության դեմ կիրառել իրավական պաշտպանության միջոցները, ապա շատ լուրջ հարցեր են առաջանում այդ պետության ինքնիշխանության աստիճանի, ինչպես նաև նրա քաղաքական վերնախավի պրոֆեսիոնալիզմի մակարդակի և արժեհամակարգի մասին։
Միջազգային իրավական հարցերում ՀՀ իշխանությունների գրագիտության ու քաղաքական կամքի սուր պակասը ևս մեկ անգամ բացահայտվեց հարաբերականորեն վերջերս, երբ նրանք համարժեք պատասխան չտվեցին Ադրբեջանի կատարած հակահայկական վայրագ հանցագործություններին։ Խոսքը վերաբերում է 2004 թ. փետրվարին Բուդապեշտում հայ սպայի սպանությանը և 2005 թ. դեկտեմբերին Ջուղայում հայ միջնադարյան ճարտարապետության հազարավոր անգին նմուշների՝ խաչքարերի ջարդի հերթական գործողությանը, որը տեսագրվեց հե՛նց վանդալության պահին։
Բացի այդ՝ Բուդապեշտում կատարված ոճիրը տուժող կողմը (Հայաստանի Հանրապետությունը) պետք է որակեր որպես ազգային ատելության հողի վրա կատարված պետական ահաբեկչության արարք, որը նախապատրաստել էին ադրբեջանական հատուկ ծառայությունները՝ իրենց թուրք գործընկերների հնարավոր մասնակցությամբ (հիշեցնենք, որ մարդասպանը որպես զինվորական մասնագետ որոշ ժամանակ աշխատել էր Թուրքիայում), այլ ոչ թե գոհունակությամբ ընդուներ Բուդապեշտի դատարանի՝ Հունգարիայի Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն կայացրած լղոզված վճիռը, ըստ որի՝ հանցագործը ինչ-որ (չճշտված) «ստոր մղումներից» կատարել է «սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում»։ Գուրգեն Մարգարյանի սպանությունից մեկ ամիս անց, երբ դեռ շատ ժամանակ կար մինչև բուդապեշտյան դատավարության սկիզբը, ես առաջարկեցի պահանջել այլ մեղադրանքի առաջադրում, ընդգծելով, որ առկա փաստերը «հայկական կողմին լիովին իրավունք են տալիս պնդելու սպանության այնպիսի վարկածի վրա, որը մատնանշում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կանխամտածված ու մանրամասնորեն ծրագրված գործողությունը։ Այսինքն՝ խոսքը պետական հանցագործության մասին է» (տե՛ս “Агентство Де-факто”, 29.03.2004; “Новое время”, 30.03.2004)։ Բուդապեշտյան դատարանի վճռի անհամարժեքությունը, ինչպես նաև ադրբեջանական վանդալության անպատիժ մնալն ավելի քան բավարար հիմք էին, որպեսզի Հայաստանում անցկացվեին առանձին դատավարություններ ու հեռակա դատավճիռներ կայացվեին ինչպես այդ հանցագործությունների կազմակերպիչների, այնպես էլ կատարողների նկատմամբ։ Փոքր-ինչ շեղվելով, նկատեմ, որ հայատյացության այդ վայրագ դրսևորումներին ՀՀ իշխանությունները պատշաճ պատասխան չտվեցին նույնիսկ զուտ քաղաքական դաշտում, շարունակելով իրենց հանդիպումներն ու բանակցությունները Բաքվի ֆաշիստ պարագլուխների հետ, փոխանակ, գոնե ժամանակավորապես, դադարեցնեին նրանց հետ շփումներն ու կապերը։ Բանակցությունների դադարեցումը, որն անհրաժեշտ էր ազգային ու պետական արժանապատվությունը պահպանելու համար, միաժամանակ կլիներ նաև զորեղ միջոց միջազգային հասարակական կարծիքին իրազեկելու այն մասին, որ Ադրբեջանի հակահայկական ռասիզմը բարձրացվել է պետական քաղաքականության մակարդակի, և այդ պետության իրավասության տակ Արցախի վերադարձը բացարձակապես անհնար է»։
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ԱՅՍՕՐ. II – 2. II. Միջազգային իրավական մակարդակ. -- «Հայաստանի Զրուցակից», #1 (164), 14 հունվարի, 2011 թ.
Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ, ֆեյսբուքյան էջ