Բուրիչ․ Կշարունակեմ նպաստել Լաչինի միջանցքի հարցով դատարանի որոշման իրականացմանը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը վստահեցնում է, որ կշարունակի նպաստել Լաչինի միջանցքի և հնարավոր գերիների առնչությամբ Ստրասբուրգի դատարանի սահմանած ժամանակավոր միջոցների իրականացմանը։ Նա նման կերպ է արձագանքել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նամակին, տեղեկանում ենք Թովմասյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումից։
Բուրիչը հավաստիացնում է, որ օգտագործում է բոլոր հասանելի հնարավորությունները խրախուսելու Հայաստանին և Ադրբեջանին՝ լիարժեքորեն հավատարիմ մնալ երկխոսությանը և առաջնահերթ լուծել կոնֆլիկտին առնչվող՝ մարդու իրավունքների և հումանիտար բոլոր առկա խնդիրները։
«Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման ջանքերին կողմերի միջև վստահության կառուցման գործիքակազմով՝ նպատակ հետապնդելով հասնել կայուն խաղաղության տարածաշրջանում», - եզրափակել է ԵԽ գլխավոր քարտուղարը։
Միաժամանակ, Թովմասյանը նշում է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշման կապակցությամբ հրատապ գրություն էր ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին՝ ահազանգելով, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի պահանջը և Լաչինի միջանցքը չի բացում։
Sputnik Արմենիա