Մամիջանյան․ Եվրոպացին ասաց, որ Փաշինյանը վաղուց չի բանակցում Արցախի կարգավիճակի վերաբերյալ
Եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաները ևս հաստատում են, որ Նիկոլ Փաշինյանը բանակցում է Արցախը Ադրբեջանի կազմում տրամաբանության մեջ։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` պատմելով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստում իր ելույթից հետո եվրոպացի մի պաշտոնյայի հետ զրույցից։
«Իմ ելույթից հետո, որը վերաբերում էր Արցախի կարգավիճակին, ինքնորոշման իրավունքին և այլ կարևոր անվտանգային կետերին, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ուղիղ տեսքով ասել է, որ մեր դիրքորոշումից տեղյակ են, բայց դրանք ռելեվանտ չեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը վաղուց բանակցություն չի տանում Արցախի կարգավիճակի վերաբերյալ և բանակցային տրամաբանությունն ամբողջությամբ հիմնված է Ադրբեջանի կազմում Արցախի ապագային»,–ասաց Մամիջանյանը։
Նրա խոսքով` ինչպես Արմեն Աշոտյանի ներկայացրած փաստաթուղթը, որը հանդիսում է տվյալ պահին բանակցային տրամաբանությունը, այնպես էլ այս հայտարարությունը իշխանությունների կողմից հերքելու ջանքերն անիմաստ են, քանի որ կան նաև ապացույցներ: Կոնկրետ Մամիջանյանի և եվրոպացի պաշտոնյայի զրույցի ժամանակ ներկա են եղել նաև այլ պատգամավորներ։
Այս համատեքստում ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ երբևէ իշխանական պատգամավորների շուրթերից ինքնորոշման իրավունք բառակապակցությունը չի լսել, իսկ մնացած բոլոր ձևակերպումները «լղոզոցի են», որոնցով փորձում են խաբել Արցախի և ՀՀ–ի ժողովրդին։
Նշենք, որ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հայ-ադրբեջանական բանակցություններից մի փաստաթուղթ էր հրապարակել, որում նշվում է, որ իրար տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը կլինի Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի մասը։ Նույն համաձայնագիրը կպարունակի հոդված Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին, որը կհամապատասխանի Ադրբեջանի Սահմանադրությանն ու նրա միջազգային պարտավորություններին։
Sputnik Արմենիա