24News․ «ԲՅՈՒՐԵՂ» ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՈՒՆԵՆ ՆԱԵՎ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑՆ ՈՒ ՏՐԴԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ
«Հետք» լրատվամիջոցն արդեն գրել էր այն մասին, որ «Ջերմուկ գրուպի» կողմից կառուցված «Բյուրեղ» էլիտար թաղամասում, որը գտնվում է Արշակունյաց պողոտայի վրա, կասկածելի պայմաններում բավական մեծ բնակարան է ձեռքբերել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Պապիկյանը միակ բարձրաստիճան ՔՊ-ականը չէ, որ այդ թաղամասում տուն ունի։ Եվ այսպես, ըստ մեր զրուցակցի, որը, բնականաբար, ցանկացավ անանուն մնալ, «Բյուրեղ» թաղամասում բնակարաններ ունեն նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը և Վայոց ձորի նախկին մարզպետ, գործող պատգամավոր Տրդատ Սարգսյանը։
Իհարկե, ի տարբերություն Հարությունյանի և Մակունցի, Տրդատ Սարգսյանը նաև ունի այդ նույն թաղամասում ավտոտնակ ու բիզնես տարածք։ Հետաքրքիր զուգադիպությամբ, Տրդատ Սարգսյանը Վայոց ձորի մարզպետ է եղել 2018-2019 թթ-ին, իսկ 2019 թ-ի հունիսին «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել զինծառայությունից ազատվելու հիմքով։
Ընդամենը մի քանի ամիս անց՝ 2019 թ-ի դեկտեմբերին, Արսենյան կրտսերի նկատմամբ հարուցված քրգործը կարճվեց, իսկ արդեն 2021 թ-ին նա իշխող ՔՊ-ի կազմով առաջադրվեց Ջերմուկ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին ու դարձավ համայնքապետ։ Իսկ թե արդյո՞ք Վահագն Արսենյանի էպոպեան ու ՔՊ-ականների «տնավորումն» իրար հետ կապված են, արդեն դատախազության տիրույթում է։
Հ. Գ. 24News-ը կապ հաստատեց Ջերմուկի համայնքապետ, ՔՊ-ական Վահագն Արսենյանի հետ, որն ի պատասխան հարցին, ասաց․ «Ես ի՞նչ կապ ունեմ «Ջերմուկ Գրուպի» Բյուրեղ թաղամասի հետ։ Նույն ձև այնտեղ կա 1500 բնակարան, ես 1500 մասին ինֆորմացիա՞ ունեմ, թե ով է առել»։
Դիտարկմանը, որ Պապիկյանը իշխանության ներկայացուցիչն է, ՔՊ անդամ, ՔՊ-ի վարչության նախագահն է եղել, Ջերմուկի համայնքապետը պատասխանեց․ «Ես զբաղվո՞ւմ եմ «Ջերմուկ Գրուպի» Բյուրեղ թաղամասով, որ իմանամ։ Ինձ քաղաքից հարց տվեք, պատասխանեմ»։ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ տնօրեն Վլադիմիր Պողոսյանը 24News-ին ասաց, որ առանձին անձանց՝ բնակարան ձեռք բերելու մասին անվանական տեղեկություն չի կարող հայտնել։ «Քանի որ թաղամասը բազմաբնակարան է, մոտ 1500 բնակարան ունենք։
Եվ մեր բոլոր շահառուներին, գնորդներին մենք անուններով չգիտենք։ Բոլորը մեզ համար գնորդ են, մենք այդպես չենք առանձնացնում, չենք էլ տարանջատում։ Ֆիզիկապես բոլորին չես կարող հիշել, բնակարաբար չեմ կարող ասել»,- ընդգծեց նա։