ՔՊ պատգամավորը կարծո՞ւմ է, որ Հայաստանում և Արցախում տարբեր ժողովուրդներ են ապրում

Հայաստանին և հայ ժողովրդին պետք է խաղաղություն և ոչինչ բացի խաղաղությունից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, բացի փաստաթղթերի փոխանակումից, տեղափոխվել են նաև առցանց դիվանագիտության ձևաչափ։ Այս մասին մարտի 2-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը։

Պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ ավելի վաղ Ադրբեջանը Հայաստանին փոխանցել էր խաղաղ պայմանագրի հետ կապված իր առաջարկները, որոնք հետագայում, ուսումնասիրելուց հետո, պաշտոնական Երևանն իր ներկայացված նախաձեռնություններով փոխանցել է ադրբեջանական կողմին։

«Առցանց դիվանագիտության կիրառումը թույլ կտա զգալիորեն արագացնել բանակցային գործընթացը։ Ինչ վերաբերում է Ստեփանակերտի և Բաքվի միջև միջազգային մեխանիզմի ձևաչափին, ապա այն քննարկվում է», - ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝ Երևանի առաջարկած մեխանիզմը ենթադրում է բանակցային գործընթացի թափանցիկություն։ «Դրա շնորհիվ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովուրդները կկարողանան համախմբվել իրենց իրավունքների և անվտանգության ապահովման հարցում»,- վստահեցրեց պատգամավորը։

News.am