ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ» ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Փաշինյանը «քցեց» Մոսկվային՝ անտեսելով հետևանքները…
Հոկտեմբերի 29-ին իր կուսակցության 6-րդ համագումարի ամբիոնից Փաշինյանը խոսեց կարգավորման արևմտյան և մոսկովյան մոտեցումների մասին։ Նա հայտարարեց, որ դեռ սեպտեմբերին համաձայնություն է տվել ստորագրելու «ռուսական տարբերակը»։ Չնայած այս հայտարարությանը՝ ընդդիմությունն առավելագույն ջանքեր գործադրեց գլխավոր բանակցողին շուտափույթ փոխելու անհրաժեշտությունը ժողովրդին բացատրելու համար։
Անցել է ընդամենը 4 ամիս, եվ Փաշինյանին արդեն սպասում են Բրյուսելում, հնարավոր է՝ Ալիևի հետ «խաղաղության համաձայնագիր» ստորագրելու համար։ Մյունխենյան հանդիպումը ցույց տվեց, որ եվրոպական հանրությունը լուրջ չի ընդունում Փաշինյանին, նրան վերաբերվում են որպես բազմակի օգտագործման խամաճիկի, որն այնքան էլ հաշիվ չի տալիս իրեն սեփական խոսքերի և արարքների հարցում։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը ամբողջովին կախված են նրանից, թե ով է այդ պահին քաշում խամաճիկի թելերից:
Ներկա պահին Վաշինգտոնը խաղում է բաց խաղաքարտերով, իսկ Փաշինյանի քարոզչամեքենան ամեն օր փորձում է ներշնչել Հայաստանի բնակիչներին, թե իբր Ռուսաստանն արդեն տանուլ է տվել պատերազմն Ուկրաինայում, ուստի ժամանակն է շտապ ցատկել գնացքից և փոխել արտաքին քաղաքական վեկտորը։ Ընդ որում ռեժիմի պարագլուխն իրեն լիովին չի հաշիվ տալիս այդ շարժումների հետևանքների մասին։ Ակնհայտ է, որ Բրյուսելում հանդիպումը տեղի է ունենալու Վաշինգտոնի հովանու ներքո, որը ձգտում է փոխարինել Ռուսաստանին եռակողմ ձևաչափում, ըստ որում որոշ վերլուծաբաններ վստահ են, որ Բրյուսելում Փաշինյանին կստիպեն ստորագրել «խաղաղության համաձայնագիրը» Բաքվի 5 սկզբունքների հիման վրա։
Փաշինյանն իր ընտրությունը կատարել է առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Բավական է հպանցիկ աչքի անցկացնել ՔՊ-ի նախընտրական ծրագիրը՝ հասկանալու համար, որ ռեժիմի պարագլուխը լեգիտիմ իրավունք չունի ստորագրելու մի փաստաթուղթ, որը 100 տոկոսով հակասում է նախընտրական խոստումներին, որոնց օգտին ժողովուրդը քվեարկել է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում։
Մոտ ապագայում ստորագրումը քի՞չ հավանական է
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը համարում է, որ բանակցային գործընթացում շարժերի մասին Պետդեպարտամենտի հայտարարությունները բնավ չեն նշանակում, թե մոտ ժամանակներս տեղի կունենա «խաղաղության համաձայնագրի» ստորագրում: Այդ հայտարարությունները չեն նշանակում նաև, թե այդ ստորագրումը բխում է Հայաստանի շահերից, քանզի ԼՂ հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորող փաստաթղթի շրջանակներից դուրս բերելը, նրա խոսքերով, պարունակում է մի շարք սպառնալիքներ։
Սարգսյանը համարում է, որ Արցախի հարցն անպայման պետք է արտացոլված լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրում»՝ ԼՂ սուբյեկտայնության և անվտանգության երաշխավորման մեխանիզմների մակարդակով, ինչի հիման վրա հետագայում կկառուցվի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Այլ քաղաքագետներ նույնպես համարում են, որ տեսանելի հեռանկարում համաձայնագրի ստորագրումը քիչ հավանական է, չնայած պատրաստակամության մասին Ալիևի և Փաշինյանի հայտարարություններին։
Ինչևէ, փոխել գլխավոր բանակցողին հայ հասարակության մտածող հատվածը չհասցրեց, ճիշտ ժամանակն է փորձել հասկացնել արևմտյան գործընկերներին, որ իշխող ռեժիմի պարագլուխը չունի ճակատագրական փաստաթղթեր ստորագրելու լեգիտիմ իրավունք՝ հակառակ ժողովրդի հավաքական կամքին։ Եթե իրավիճակն արագացված տեմպերով մոտենում է հանգուցալուծման, ապա նախ պետք է արևմտյան գործընկերներին ներկայացնել այն փաստը, որ ՔՊ-ն խաբեությամբ է ստացել ընտրական ձայները՝ Շուշիի և Հադրութի շրջափակումը վերացնելու խոստման դիմաց։ Երկրորդ. գործընկերները պետք է իմանան սոցհարցումների արդյունքների մասին, որոնք բացառում են Ադրբեջանի կազմում Արցախի ներառման հնարավորությունը։
Խոստացել էր գալ Հանրապետության հրապարակ…
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքերով, ժողովուրդը 99 տոկոսով կիսում է ընդդիմության տեսակետները։ Մնում է միայն տարակուսել, թե ինչու այս իրավիճակում ընդդիմությանը չի հաջողվում պայքարի հանել զանգվածներին ռեժիմի դավաճանական քաղաքականության դեմ։ Պատահական չէ, որ Բրյուսելի կողմից գործընթացի արագացումը համընկավ Ամուլսարի վերաբերյալ հուշագրի ստորագրման հետ, չէ՞ որ «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում բնավ ոչ երկիմաստորեն մատնանշեց, որ ընկերության բաժնետոմսերը պատկանում են ամերիկացիներին և կանադացիներին։
Ռուսական եվ ամերիկյան մոտեցումների տարբերությունը, հիշեցնեմ, ամփոփված է նրանում, որ Մոսկվան պնդում է հետաձգել Արցախի կարգավիճակի հարցը, մինչդեռ Բրյուսելը Վաշինգտոնի թելադրանքով առաջարկում է լուծել բոլոր հարցերն այստեղ և այս պահին՝ Արցախից հրաժարման գնով։ Փաշինյանը համագումարի բարձր ամբիոնից ստեց, թե նախապատվությունը տվել է ռուսական սցենարին, հիմա էլ ստում է, թե շահագրգռված է շրջափակման շուտափույթ վերացմամբ և 120 հազար արցախահայության անվտանգության երաշխիքներով։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հրապարակած բրյուսելյան գաղտնի փաստաթղթի տեքստը հիշողության մեջ թարմացրեց Փաշինյանի հայտնի խոստումը՝ համաձայնեցնել կարգավորման վերջնական տարբերակը ժողովրդի հետ։ Հիշեք Հանրապետության հրապարակ գալու, փաստաթուղթը կարդալու և ժողովրդի կամքին ենթարկվելու խոստումը։ Այդ խոստումն արդեն վաղուց կորցրել է արդիականությունը. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արդեն 3 տարի շարունակ բանակցություններ է վարում, որոնց բովանդակության մասին հայ հասարակությանը ոչինչ հայտնի չէ...
Ժողովրդի կամքը հայտնի է, քաղաքագետները զգուշացնում են, որ փաստաթուղթը, որը Փաշինյանին պարտադրում են ստորագրել արևմտյան գործընկերները, շատ ավելի վատթար է, քան այն, որը ստորագրվել է 2020թ.նոյեմբերի 9-ին: Այն ժամանակ ստորագրելուց հետո Փաշինյանը ստիպված էր ծվարել ՊՆ բունկերում, իսկ Արարատ Միրզոյանին ծեծեցին կիսամեռ անելու աստիճան: ՔՊ խմբակցության պատգամավորների հետ վերջին հանդիպման ժամանակ Փաշինյանն ասաց, որ հայկական և ադրբեջանական կողմերի դիրքորոշումներն առավելագույնս մոտեցել են միմյանց, ուստի մեծ է հավանականությունը, որ «խաղաղության համաձայնագիրը» ստորագրվի արդեն այս տարի։
Ալիևն իր հերթին հիշեցրեց հայ ժողովրդին 2021 թվականի ընտրությունները և հայտարարեց, թե ժողովուրդն ընդունել է կապիտուլյացիան, հետևաբար՝ հրաժարվել է Արցախից, դրա համար էլ ընտրել է Նիկոլի կուսակցությանը։ 2021 թվականի ընտրությունների մասին Ալիևը հիշեցրեց հայերին բնավ ոչ պատահականորեն: Նրա համար կարևոր էր ընդգծել Փաշինյանի լեգիտիմությունը կապիտուլյացիա-2-ի ստորագրման փուլում, որի հետևանքները, բոլոր կանխատեսումներով, ավելի վատթար են լինելու, քան 2020 թվականի կապիտուլյացիան:
Հայկական կողմի խնդիրն է՝ ցույց տալ, որ Փաշինյանը ժողովրդի կողմից լիազորված չէ «խաղաղության համաձայնագիր» ստորագրել, նրա կուսակցությունը 2021թ.ընտրություններում հաղթել է ընտրողներին խաբելով, սուտը բացահայտված է, ռեժիմի պարագլուխը զուրկ է լեգիտիմությունից։