Սոցապի աշխատողը բերել է 13 բանալի, իմանալով, որ 117 բնակարան կա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊՆ նախկին շենքի բնակիչներն այսօր՝ մարտի 2-ին, այցելել են կառավարություն, որտեղ նրանց ընդունել և լսել են: Հանդիպումից հետո բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Փոխանցեցինք մեր դիրքորոշումը, մեր պահանջները, երևի թե մինչ այդ տեղ չէր հասել: Ոչ մի օղակ ուշադրություն չի դարձրել, որ ՊՆ նախկին շենքի դիմաց վրաններում երեխաներ կան, տարեցներ կան, այնտեղ նստացույց է: Մեզ ասում են՝ ձեր հարցը լուծվելու է:
Մենք ակնկալում էինք, որ մեզ թողնեն վերադառնանք մեր բնարականներ, մինչև այդ հարցի վերջնական լուծումը, ժամանակավոր լուծում մենք չենք ընդունելու: Կարող էինք գալ համաձայնության, որ ոչ մի շինարարություն չենք անի, կթողնենք այնպես, ինչպես կա, ոստիկանությունն էլ կարող էր գալ ստուգել:
Միանշանակ մեր խնդիրը լուծվելու է, սոցապնախարարությունը ոչինչ չի արել: Երկրորդ օրը սոցապի աշխատողը բերել է 13 բանալի: Թե ինչ չափանիշով են բերել 13 բանալի, երբ դու գիտես, որ 117 բնակարան կա:
Սոցապնխարարությունից մոտեցել են, իրենց պահել են ՊԵԿ-ի փաստաբանի նման: Ասում եմ՝ քեզ ավելի շատ պետք է հետաքրքրի 5-6 ամսական երեխան կաթ կերել է, թե ոչ, քան ասես՝ դուք այստեղ չպետք է մտնեք: ՄԻՊ-ի գրասենյակը հասկացանք, որ գոյություն չունի: 4-րդ օրը նոր կարողացել ենք վրան դնել: Մենք շարունակելու ենք նստացույցը, մեր հարցի լուծումը ժամանակավոր չի լինելու: Մեր խնդիրը պետք է ստանա հիմնական լուծում»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ պատասխան տվեցին կառավարությունից, ՊՆ նախկին շենքի բնակիչը պատասխանեց. «Ինձ մոտ տպավորություն էր, որ քաղաքական ճաշակ ճշտելու վիճակ էր: Գործին չվերաբերող բաներ էին ասում, կարծես ինչ-որ բան էին շոշափում: Սա սոցիալական խնդիր է»:
Նա հավելեց, որ այս պահին ՊՆ նախկին շենքի մոտ 2 վրան է դրվել, մոտ 40 մարդ գիշերում է այնտեղ:
Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնել են, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն 12 ընտանիքի է կացարանով ապահովել։
ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։