Ուկրաինան սադրանք է անվանել Բրյանսկի մարզում ուկրաինական ԴՀԽ-ի հարձակման մասին հայտարարությունը

Ուկրաինայի նախագահի գրասենյակը սադրանք է որակել Բրյանսկի մարզի Սուշանի և Լյուբեչանի բնակավայրերի վրա ուկրաինական դիվերսիոն հետախուզական խմբի իբր հարձակման մասին Ռուսաստանի հայտարարությունը, հաղորդում է УНИАН-ը։

«Ռուսաստանում ուկրաինական ԴՀԽ-ի մասին պատմությունը դասական սադրանք է։ Բացարձակապես գիտակցված սադրանք։ Ռուսաստանը ցանկանում է վախեցնել յուրայիններին, որպեսզի պատերազմի մեկ տարվա ընթացքում գոնե ինչ-որ կերպ արդարացնի այլ երկրի վրա հարձակումը և աճող աղքատությունը»,-Twitter-ում գրել է նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ պարտիզանական շարժումը ՌԴ-ում ավելի ուժեղ և ագրեսիվ է դառնում։ «Վախեցեք ձեր պարտիզաններից»,-ասել է Պոդոլյակը՝ դիմելով ռուսաստանցիներին։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը՝ մեկնաբանելով այս լուրը, հայտնել է «Ռուսաստանի վերափոխման շարունակման, նրա մաքրման և Պուտինի բռնապետությունից ազատագրման» մասին։

«ՌԴ-ն այսօր այնպիսի կազմավորում է, որի ներսում մեծ թվով ազգամիջյան, միջէթնիկական, միջկրոնական, հասարակական-քաղաքական և այլ հակամարտություններ կան։ Այսօր Ռուսաստանի կամավորական կորպուսը հայտարարություն է տարածել։ Սրանք մարդիկ են, ովքեր զենքը ձեռքին կռվում են Պուտինի ռեժիմի և նրան սատարողների դեմ։ Հնարավոր է, որ ռուսները սկսում են արթնանալ, ինչ-որ բան գիտակցել և ինչ-որ կոնկրետ միջոցներ ձեռնարկել»,-ասել է նա։

News.am