Մոլդովայի խորհրդարանը հռչակագիր է ընդունել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի մասին

Մոլդովայի Հանրապետության խորհրդարանը դատապարտում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ պատերազմի դաժանությունը։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի մասին հռչակագիրն ընդունվել է օրենսդիր մարմնի կողմից։

Խորհրդարանի պատգամավորները հայտարարել են, որ Ռուսաստանի Դաշնությունը 2014 թվականի փետրվարից անօրինական, ոչնչով չհրահրված և անհիմն ագրեսիվ պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ, որը 2022 թվականի փետրվարի 24-ին ուժեղացավ լայնածավալ ներխուժմամբ։ Փաստաթղթի համաձայն՝ բացահայտ ագրեսիայի այս գործողությունը ռազմական հանցագործություն է և միջազգային իրավունքի սկզբունքների և միջազգային պարտավորությունների կոպիտ ու լրջագույն խախտում, որոնք ստանձնել է Ռուսաստանի Դաշնությունը, ասվում է խորհրդարանի մամուլի հաղորդագրության մեջ:

Խորհրդարանականները կոչ են անում Ռուսաստանի Դաշնությանը անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում և անվերապահորեն դուրս բերել բոլոր ռազմական ուժերն ու տեխնիկան Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված ամբողջ տարածքից: Միաժամանակ, Մոլդովայի Հանրապետության իշխանություններն աջակցում են ժողովրդավարական պետությունների համայնքի ջանքերին՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության գործով հատուկ տրիբունալ ստեղծելու, ռազմական հանցագործությունների համար պատասխանատվություն սահմանելու և Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության կողմից կատարված միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր խախտումների համար: Փաստաթուղթը հաստատում է Մոլդովայի Հանրապետության իշխանությունների պատրաստակամությունը՝ շարունակելու մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինայի այն բնակիչներին, որոնք ապաստան են փնտրում պատերազմի պատճառով:

Պատգամավորները հանդես են եկել միասնության, զգոնության և պատասխանատվության կոչով Մոլդովայի Հանրապետության բոլոր քաղաքացիների առջև, որոնք ցանկանում են խաղաղություն և ազատություն:

Հռչակագրի հաստատմանը կողմ է քվեարկել Գործողություն և համերաշխություն խմբակցության 55 պատգամավոր:

News.am