Արցախի ԱԳ նախարարը հերքում է Աղդամում հետագա հանդիպման մասին լուրերը

Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների հայտարարություներն այն մասին, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումները շարունակվելու են Աղդամում(Ակնա) և Գյանջայում(Գանձակ):

«Հայտարարություններն այն մասին, որ հանդիպումները շարունակվելու են Աղդամում, Գյանջայում, Բաքվում, և որ կա համապատասխան պայմանավորվածություն, իրականության հետ ոչ մի աղերս չունեն», - ասել է նա՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմը շատ է նման առաջարկներ անում, բայց դրանք մերժվում են։ Ղազարյանը նաև ընդգծել է՝ մարտի 1-ին և փետրվարի 24-ին Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները, ինչպես նաև նախորդ նմանատիպ հանդիպումները մշտապես տեղի են ունեցել ռուս խաղաղապահների միջնորդությամբ։

News.am