«Հրապարակ». ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ «ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ» ԹԵՄԱՅՈՎ ԾՐԱԳՐԵՐ
«Հրապարակ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ պատերազմից հետո Սյունիքի մարզը հայտնվել է միջազգային պաշտոնյաների և կառույցների ուշադրության կենտրոնում, շուրջ 2 տարի է՝ տարբեր կալիբրի պաշտոնյաներ, դեսպաններ են այցելում մարզ, իսկ վերջին շրջանում՝ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԵՄ-ի ներկայացուցիչներ։ Մարզում իրականացնում են «Աղետների ռիսկերի կառավարման» թեմայով ծրագրեր։
Սյունիքի մարզի պաշտոնական աղբյուրն ասաց, որ այդ կառույցներն ու հայաստանյան գործընկեր ՀԿ-ները, իրար հերթ չտալով, տարբեր համայնքներում նոն-ստոպ ռեժիմով դասընթացներ են իրականացնում, քննարկումներ կազմակերպում, որոնք հիմնականում վերաբերում են բնակչության տարհանման պլաններին, ապաստարանները կարգի բերելուն, բնակֆոնդին և այլ հարցերի։
Այս ակտիվությունը սյունեցիների մոտ մտահոգություններ է առաջացրել, կասկածներ, որ նոր աղետից, այն է՝ Արցախի վերջնական կապիտուլյացիայից առաջ միջազգային հանրությունը պատրաստում է Սյունիքը, որպեսզի մարզը կարողանա ընդունել փախստականների։ Առավել լավատեսներն ուզում են հավատալ, որ այս պատրաստությունները ոչ թե Արցախի հետ են կապված, այլ՝ Իրանի, որ առաջիկայում աշխարհաքաղաքական սրացումների հետևանքով Սյունիքը կարող է իր հարկի տակ իրանցի փախստականների ընդունել»։