Գերմանիայի կառավարությունը պարզաբանել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շոլցի հայտարարությունը
Գերմանիայի կառավարությունը պարզաբանել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շոլցի հայտարարությունը, որն արվել է նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Գերմանիան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ԱՊԱ-ին ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցչի տեղակալ Վոլֆգանգ Բյուշները՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բեռլինում հնչած կարծիքները:
«Երեկ կանցլերը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տարածաշրջանից մեզ դիմել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դաշնային կառավարության դիրքորոշումը կրկին բարձրաձայնելու խնդրանքով։ Դաշնային կառավարության դիրքորոշումը չի փոխվել։ Գերմանիան աջակցում է տարածքային ամբողջականությանը Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Գերմանիան Հայաստանին և Ադրբեջանին վեճի խաղաղ կարգավորման կոչ է անում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Գերմանիայի համար կարևոր է երկու երկրների բնակիչների և փոքրամասնությունների իրավունքների հարգումը՝ միջազգային նորմերին և ստանձնած պարտավորություններին համապատասխան։ «Դաշնային կառավարությունը բացահայտորեն աջակցում է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին»,-ասվում է Գերմանիայի կառավարության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Շոլցը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով ինքնորոշման իրավունքը։
News.am