«ՍՈՒՄԳԱՅԻԹԻ» 35-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ. ԻՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԻՆԻԶՄՈՎ ՀԱՐՎԱԾ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆԸ

Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանությունները, ինչպես նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը «սումգայիթի» 35-րդ տարելիցի կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով։ Ըստ էության, դրանք հայտարարություններ անվանելը դժվար է. այնպես, մեկ-երկու նախադասություն, բայց ինչևէ, այդպիսիք հնչեցին։ Եվ ամեն դեպքում սա աննախադեպ փաստ է. չեմ հիշում, որ վերջին տարիներին նման բան եղած լինի, թերևս միայն ամերիկացիներն են երբեմն այդպիսի մի բան հայտարարել։ Թվում է, թե լավ երևույթ է, որի համար պետք է շնորհակալ լինել, բայց... Չի լքում սրբության պղծման, ցինիկ հաշվենկատության և ցավակցությունների ցուցադրական ձևականության զգացողությունը։

Հայտարարություններն ասես գրված լինեն նույն պատճենով և դրանցից, ինչպես ասում են, մի մղոն հեռավորությունից անհոգի ձևականության հոտ է փչում: «Խորը վշտակցություն ենք հայտնում բոլորին, ովքեր Սումգայիթում 35 տարի առաջ կորցրել են հարազատ և բարեկամ։ Անցյալի արարքների ընդունումը կարևոր քայլ է հաշտության և խաղաղության ճանապարհին»,- ասված է Եվրոպական միության պատվիրակության հաղորդագրության մեջ: Թե ինչ «ընդունման» մասին է խոսում պատվիրակությունը և ում կողմից՝ անհասկանալի է։ Ըստ երևույթին, տիկին Վիկտորինի գրասենյակը տեղյակ չէ, որ «արարքների ընդունում» ամենևին էլ չի եղել:

Է՛լ ավելի լակոնիկ գտնվեցին ամերիկացիները։ «Այսօր միանում ենք հայերին՝ սգալով և տուրք մատուցելով 1988թ. Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,-ասված էր ԱՄՆ դեսպանության ուղերձում։ Հաջորդ օրը ուշքի եկավ և շտապեց հանդես գալ նաև Ռուսաստանի դեսպանատունը։ Ռուսաստանցիների հայտարարությունը քիչ ավելի կոնցեպտուալ էր. «Այս օրերին մենք ցավով ենք հիշում Սումգայիթի ողբերգությունը: Անցյալի այս իրադարձությունների հիշողությունը խթան է ապագայում դրանց կրկնության հավանականությունը բացառելուն ուղղված ջանքերի համար»,- նշվում էր հաղորդագրության մեջ։

Վերջապես, միայն մարտի 2-ին, 2 օր ուշացումով, հանդես եկավ Ֆրանսիայի դեսպանատունը. համենայնդեպս հիշեցնեմ, որ հայերի ցեղասպանությունը Սումգայիթում շարունակվել է փետրվարի 27-ից մինչև 29-ը։ «Մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին, որն այս օրերին ոգեկոչում է Սումգայիթի զոհերի հիշատակը»,- ասվում էր դեսպանատան Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: Ճիշտ ինչպես մյուս ցավակցությունները. անդեմ, ձևական, «ներկա ստանալու» համար: Դե, և որպեսզի հանկարծ հետ չմնան իրենց գործընկեր-մրցակիցներից աշխարհաքաղաքական մրցավազքում, որտեղ իրականում բոլորը խորապես թքած ունեն հայ ժողովրդի ողբերգության վրա։

Եվ «ցավակցություններից» ոչ մեկում չի հիշատակվում ոճրագործ Ադրբեջանը։ Կարելի է կարծել, թե, Սումգայիթի հայերը հրեշավոր կերպով խոշտանգվել են, դաժանորեն բռնաբարվել, ողջ-ողջ այրվել, կացնահարվել, հրապարակավ նվաստացվել, թալանվել և արտաքսվել քաղաքից կա՛մ այլմոլորակայինների կողմից, կամ իրենք իրենց, ինչ-որ «արարքների» արդյունքում, ինչպես արտահայտվել Է Եվրամիության պատվիրակությունը։ Հասկանալի է, որ դիվանագիտական լեզուն ենթադրում է զգուշություն, նրբանկատություն, բայց այսպիսի, ցինիզմի ու երեսպաշտության հասնող աստիճանի՞։ Կարելի է միայն կռահել, թե ինչպես են տանջվել պարոնայք դիվանագետները՝ հանգամանորեն ստուգելով իրենց ամեն նախադասության յուրաքանչյուր բառն ու տառը, որպեսզի ակամայից չնեղացնեն «վստահելի գործընկեր» և «սիրելի բարեկամ» Ալիևին։

Մինչդեռ խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մասին է, որոնք շատ լավ գիտեն, պետք է իմանան հակամարտության պատմությունը՝ սկսած հենց «սումգայիթից», որտեղ թափվեց առաջին արյունը՝ ազգային հատկանիշով զանգվածային սպանությունների տեսքով։ «Սումգայիթից», որտեղ Ադրբեջանը պարզ ու հստակ ցույց տվեց, որ հայերի դեմ իր միակ գործիքը բռնությունն ու ցեղասպանությունն է, քանի որ միջազգային իրավունքն ու բարոյական օրենքները հայերի կողմն են։ Նաև այն պատճառով, որ Ադրբեջանի անպատժելիությունն ամբողջ 35 տարիների ընթացքում, ընդհուպ մինչև 44-օրյա պատերազմն ու Արցախի այսօրվա շրջափակումը, ընկած է հենց խոշոր տերությունների խղճին, որոնք իրենց փաստացի անտարբերությամբ և ձևականությամբ խրախուսում են ագրեսոր պետությանը նոր հրեշավոր հանցագործությունների։

Բոլոր երեք երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եվ Ֆրանսիան, ինչպես նաև ԵՄ երկրորդ խոշորագույն երկիր Գերմանիան և դաշինքի մի շարք այլ անդամներ, տարբեր տարիների ճանաչել են Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում։ Ճանաչել են միջազգային իրավունքի, մասնավորապես՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելմանւ և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի հիման վրա։ Ուրեմն ինչո՞ւ ցեղասպանություն չեն ճանաչում 1988թ. փետրվարի սումգայիթյան իրադարձությունները, որոնք բոլոր չափանիշներով նույնքան լիարժեքորեն համապատասխանում են նշված Կոնվենցիային։

Ինչո՞ւ չեն ուզում պահպանել իրենց իսկ հռչակած «Never again»՝ «Այլևս երբեք» սկզբունքը, թեև գերազանց հասկանում են, թե հատկապես ինչով է սպառնում արցախահայությանը կրկին բռնի ընդգրկումը ցեղասպան պետության կազմում։ Ինչո՞ւ են անտեսում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, օրինակ՝ Լեմկինի ինստիտուտի համառ նախազգուշացումները Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության՝ «սումգայիթի» կրկնության իրական հնարավորության մասին։

Որովհետև իշխանության տենչն ու աշխարհատնտեսական շահերը վերածել են աշխարհը ջունգլիների օրենքներով ապրող հոմո-սափիենսների կոնգլոմերացիայի, որտեղ, համենայնդեպս մարդկանց և ժողովուրդների ճակատագրերը վճռող քաղաքական վայ-գործիչների մակարդակում, տեղ չի մնացել մարդկային ողբերգություններին իրական, անկեղծ և խոր կարեկցանքի, մարդկային ցավի ըմբռնման և ապրումակցման համար։ Այդ իսկ պատճառով չսպիացող վերքի և 35 տարի շարունակվող «սումգայիթի» առիթով հայտարարությունները ստացվեցին այն աստիճան չոր, ձևական ու անհոգի, որ ավելի լավ կլիներ, եթե բոլոր չորս դիվանագիտական ներկայացուցչությունները հայ ժողովրդի համար այս վշտալի օրերին լռեին։

Պետք չեն մեզ այդպիսի «ցավակցություններ», որոնց մեջ ցինիզմն ու կեղծավորությունը խեղդել են մարդասիրությանն ու բարոյականությանը։ Եվ որոնք ավելի շուտ անարգում են զոհերին, քան հարգանքի տուրք մատուցում նրանց հիշատակին։