Փաշինյան. Լաչինի արգելափակումը Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում է

Լաչինի միջանցքի արգելափակումը, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնությունը, Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում է։ Այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բունդեսթագում իր ելույթի ժամանակ, հայտնում են կառավարությունից։

Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Պրահայում համաձայնության են եկել , որ երկու երկրների միջև սահմանի դելիմիտացիայի գործընթացը հիմնված լինի Ալմա Աթայի համաձայնության վրա։

Դրանից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ դելիմիտացիան պետք է հիմնված լինի պատմական քարտեզների վրա։

«Գիտեք, շատ դժվար է բացատրել, թե ինչ է դա նշանակում։ Գուցե Ադրբեջանի նախագահի նոր նախաձեռնությունը կարող է հստակեցնե՞լ այս իրավիճակը, որովհետև վերջերս մենք ականատես եղանք այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնության ներկայացմանը, և այդ նախաձեռնության ամբողջ միտքը նրանում է, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը պատկանում է Ադրբեջանին, և Հայաստանի մայրաքաղաքն ադրբեջանական քաղաք է»,– նշել է Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի քայլերը Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի սկիզբն են` գուցե նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։

Sputnik Արմենիա