Ալեքսանդր ՌԱՀՐԸ ԳՆԱՀԱՏԵԼ Է ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՆՑԼԵՐԻ ԽՈՍՔԵՐԸ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մարտի 2-ին Բեռլինում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ մի տիպիկ դիվանագիտական հնարք է կիրառել՝ ո՛չ մերը, ո՛չ էլ ձերը՝ ոչ մեկին չվիրավորելու համար։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռահրը։
Հիշեցնենք, որ Շոլցն ասել էր. ««Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է երկարաժամկետ լուծում գտնել՝ ի շահ ժողովրդի: Այս տեսակետից անհրաժեշտ է հասնել խաղաղ լուծման՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից։ Այնուամենայնիվ, այս բոլոր սկզբունքները համարժեք են: Գերմանիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին։ Գերմանիան դա արեց՝ նաև որպես ԵՄ քաղաքացիական առաքելության մաս գերմանացի անձնակազմ ուղարկելով: Ընդ որում, այս առաքելությունը կգլխավորի գերմանացի ոստիկան»։ Շոլցը Պրահայում և Մյունխենում Փաշինյանի և Ալիևի մտքերի փոխանակումը խրախուսող քայլ է համարել հակամարտության կարգավորման համար»։
Քաղաքագետի կարծիքով՝ նման հայտարարությունն մի կողմից նպատակ ունի ընդգծել, որ միջազգային իրավունքը երկրի տարածքային ամբողջականության տեսակետից խոսողների կողմից է։ Խոսքը տվյալ դեպքում Ադրբեջանի մասին է։
Մյուս կողմից, Շոլցն ասել է, որ պետք է նաև հաշվի առնել, որ միջազգային իրավունքն այժմ շատ ավելի լայն է մեկնաբանվում. «պետք է հաշվի առնվի փոքրամասնությունների կամ տարածքում ապրող մարդկանց ինքնորոշման իրավունքը», կարծում է Ռահրը։
«Կանցլերը հորդորեց։պահպանել այս երկու սկզբունքները։ Սա հարմար հարմարավետ դիվանագիտական արտահայտություն է։ Սակայն դա չի հանգեցնի խնդրի լուծմանը», - հավելեց նա։
«Գերմանիան այժմ ամբողջությամբ կլանված է Ուկրաինայի հակամարտությամբ, Եվրոպայի ապագա անվտանգության համակարգի շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ։ Ես չեմ զգում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում գերմանական տեսլականներ կամ նախաձեռնություններ կան», - նշեց փորձագետը։
Այս հարցում Ֆրանսիան փորձել է որոշակի նախաձեռնողականություն ցուցաբերել, սակայն, ըստ Ռահրի, այն նույնպես առանձնահատուկ հնարավորություններ չունի։
«Երբ տարածաշրջանում հայտնվեն գերմանական, ֆրանսիական կամ եվրոպական անվտանգության ուժերը, այն ժամանակ նոր էջ կբացվի, և կերևա, թե ինչպես է ամեն ինչ գործնականում աշխատելու։ Այս ընթացքում բոլորը հայտարարություններ են անում ու փորձում հասկանալ իրավիճակը, փորձում են ընդհանուր եզրեր գտնել և հակասությունների ֆոնին որևէ մեկին անկյուն չքշել», - նկատեց քաղաքագետը։
Փորձագետը, սակայն, կարծում է, որ սառույցը կոտրվել է, գործընթացն ընթանում է, հայ-ադրբեջանական հակամարտությունն ավելի է գրավում համաշխարհային հանրությանը, ԵՄ-ի, ԱՄՆ-ի ուշադրությունը։
«Ակտիվացում է ընթանում, հետաքրքրությունն աճում է, ԼՂ խնդիրը և ընդհանրապես հայ-ադրբեջանական հակամարտությունը հուզել է Եվրամիությանը։ Չպետք է մոռանալ, որ այս ամենի հետևում կանգնած է ԱՄՆ-ի մեծ ռազմավարությունը (Վաշինգտոնն անուղղակիորեն աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը), որին միանում է Եվրամիությունը՝ Ռուսաստանին հետխորհրդային տարածքում մեկուսացնելու համար։ Սա նույնպես չպետք է մոռանալ։ Կախված նրանից, թե ինչպես կշարժվի Ռուսաստանի քաղաքականությունը, հնարավոր կլինի դատել հայ-ադրբեջանական հակամարտության լուծման հաջողության կամ ձախողման մասին», - եզրափակեց նա։
Արամ Դանիելյան, News.am