Հարութ ԱՌԱՔԵԼՅԱՆ․ ԻՐԱՆԻ ԵՎ ՀՀ-Ի ՄԻՋև ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԿԲԱՑԱՌԻ ԲԱՔՎԻ ԱԳՐԵՍԻԱՆ

Իրանն ու Հայաստանը կարող են Սյունիքում այնքան բարձրացնել ռազմական համագործակցության մակարդակը, որ Ադրբեջանի մտքով անգամ չանցնի ագրեսիա իրականացնել այնտեղ։ Այս մասին News.am-ի «Ուժի գործոն» հաղորդման շրջանակում ասաց իրանագետ Հարութ Առաքելյանը։

Այն պայմաններում, երբ անվտանգության ոլորտում Իրանի և Հայաստանի շահերը համընկնում են, Թեհրանը կոչ է անում բարձրացնել ռազմական համագործակցության մակարդակը, սակայն հայկական կողմից նման առաջարկները պատշաճ արձագանք չեն ստանում։

Նա Հայաստանին կոչ է արել ավելի ակտիվ համագործակցել Իրանի հետ և արագ իրականացնել Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման ծրագիրը։

«Իրանցի փորձագետները, հակառակ թուրքական և ադրբեջանական քարոզչությանը, փորձում են իրենց քաղաքացիներին փոխանցել այն միտքը, որ այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, նույնպես Իրանի դեմ է ուղղված։ Սակայն Հայաստանն այս հարթակում պասիվ է», - հավելեց Առաքելյանը։

Նա ցավով նշեց, որ Հայաստանում արտաքին քաղաքական դոկտրին չկա.

«Մենք նայում ենք, թե որտեղ է քամին փչում յուրաքանչյուր պահի: Մինչդեռ Թուրքիան և Ադրբեջանը ակտիվորեն աշխատում են, թեև իրանցի թուրքերը չեն ձգտում անջատվել Իրանից և միանալ Թուրքիային կամ Ադրբեջանին։ Մենք Իրանում 400 տարուց ավել է հայկական համայնք ունենք՝ չհաշված մեր հարաբերությունների հազարամյա պատմությունը», - նշեց փորձագետը՝ հավելելով, որ առայժմ Թեհրանը փորձում է Հայաստանի միջոցով խաղաղեցնել իրավիճակը տարածաշրջանում, սակայն Իրանն արդեն սկսել է խոստովանել, որ Հայաստանը երկակի խաղ է խաղում՝ Իրանի սահմանների մերձակայքում տեղակայելով երկրի թշնամու զինված առաքելությունը՝ ի դեմս ԵՄ առաքելության։

«Քանի դեռ ԵՄ առաքելությունը քաղաքացիական էր, Իրանը փորձում էր հաշտվել դրա հետ, սակայն երբ խոսքը գնում է ապագայում հնարավոր ռազմական ներկայության մասին, բնականաբար Իրանը կփորձի խաղալ իր խաղը։ Այսօր պայքար է ընթանում նոր աշխարհակարգի համար, և քանի դեռ այն չի հաստատվել, անհնար կլինի կայունության հասնել տարածաշրջանային մակարդակներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Այսօր նոր սահմաններ են գծվում», - եզրափակեց իրանագետը։

News.am