Սաֆարյան․ Միջազգային համակարգի թերացումների բացասական հետևանքները Հայաստանը զգացել է
2020 թվականին և հաջորդիվ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային պատշաճ արձագանքելու հարցում միջազգային համակարգի թերացումների բացասական ազդեցությունն ու հետևանքները Հայաստանը զգացել է։ Այս մասին Նյու Դելիում «Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում պանելային քննարկմանն ասել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Փոխնախարարը հավելել է, որ չնայած դժվարություններին՝ Հայաստանը, միջազգային գործընկերների ներգրավածությամբ, Ադրբեջանի հետ կառուցողական դիրքերից բանակցում է հարաբերությունների կարգավորման շուրջ։
«Բազմակողմանիությունը և ՄԱԿ համակարգի մեխանիզմները շարունակում են հանդիսանալ առկա մարտահրավերները հաղթահարելու կարևոր գործիք»,– Սաֆարյանի խոսքերը մեջբերում է ԱԳՆ–ն։
Այս համատեքստում նա ներկաների ուշադրությանն է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարանի՝ որպես միջազգային արդարադատության ու միջազգային նորմերի պաշտպանության իրավական մեխանիզմի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հարցում Ադրբեջանի դեմ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կյանքի կոչման հրամայականը:
Սաֆարյանն ընդգծել է այդ մեխանիզմների արդյունավետ կիրառման հարցում բոլոր դերակատարների կողմից անհրաժեշտ ջանքերի ներդնման առաջնահերթությունը։
Նշվում է, որ պանելային քննարկման ժամանակ բանախոսները քննարկել են միջազգային անվտանգային համակարգի ու միջազգային նորմերի հարգման վրա հիմնված աշխարհակարգի առջև ծառացած մարտահրավերները։
Ընդգծվել է աշխարհի տարբեր անկյուններում շարունակվող հակամարտությունների կարգավորման հարցում միջազգային ու տարածաշրջանային մեխանիզմների արդյունավետ կիրառման կարևորությունը։
Sputnik Արմենիա