Արցախի ՄԻՊ․ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ԴԻՄՈՒՄ Է ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ

Միջազգային հանրությունը գործ ունի հանցավոր վարչախմբի և միջագային իրավունքը լկտիաբար անտեսող և հեղինակազրկող սուբյեկտի հետ, որին համոզելու միակ ճանապարհը զսպիչ և պատժիչ միջոցառումների իրականացումն է: Այս մասին ասվում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի տարածած հայտարարությունում այսօր տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկության համաձայն՝ մարտի 5-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից հարձակման է ենթարկվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենան, որի հետևանքով, այս պահին ճշտված տվյալներով 3 մարդ զոհվել է, 1-ը՝ վիրավորվել։

Երկուսուկես ամիս շարունակվող շրջափակման պայմաններում ադրբեջանական կողմը վերջին օրերին դիմում է նաև զինված հարձակումների՝ տարբեր ուղղություններով թիրախավորելով նաև գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներին և գյուղտեխնիկան։

Ադրբեջանի գործողությունները, Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեբանական անձեռմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները փաստում են, որ նա չի հրաժարվել ուժի կիրառմամբ Արցախի ամբողջական հայաթափման և Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանական նպատակներից։

Հումանիտար և տեխնիկական հարցերի շուրջ քննարկումները ներկայացնելով որպես երկխոսություն՝ ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը։ Զարմանալի է, որ Ադրբեջանի ակնհայտ հանցավոր վարքագիծը անտեսելով՝ միջազգային որոշ պաշտոնյաներ տրվում են ադրբեջանական կեղծ խաղաղասիրական մանիպուլյացիաներին և լավատեսություն արտահայտում։

Միջազգային ողջ համայնքի՝ առաջնահերթորեն ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ երկների՝ որպես միջազգային խաղաղության պահպանման պարտականություն ունեցող կառույցի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) համար առավել քան ակնհայտ պետք է լինեն Ադրբեջանի նկրտումներն ու Արցախը էթնիկ զտման ենթարկելու նպատակները։

2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո հազարավոր փաստեր և վկայություններ են ներկայացվել ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ, սակայն շարունակվում է նույն կաղապարային մոտեցումը հարցի շուրջ։ Վերջապես պետք է դուրս գալ հակամարտության վերաբերյալ կաղապարային մոտեցումներից և ձևակերպումներից, պետք է հաղթահարել երկակիության բարդույթն ու իրավիճակին նայել այնպես, ինչպիսին որ այն կա։

Միջազգային հանրության կոչերն անտեսելն ու ՄԱԿ արդարադատության դատարանի կողմից կայացված որոշումը չկատարելը հստակ ցուցիչ են, որ միջազգային հանրությունն այլևս գործ ունի հանցավոր վարչախմբի և միջագային իրավունքը լկտիաբար անտեսող և հեղինակազրկող սուբյեկտի հետ, որին համոզելու միակ ճանապարհը զսպիչ և պատժիչ միջոցառումների իրականացումն է։

Շարունակվող շրջափակման և Ադրբեջանի կողմից կրկնվող հարձակումների պայմաններում խստագույն անհրաժեշտություն են մնում միջազգային ակտիվ և գործնական ներգրավվածությունն ու ներկայությունը Արցախում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 5–ին առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.

Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան

Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան

Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:

Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

News.am