Զոհված ոստիկաններից 2-ին կհուղարկավորեն Ստեփանակերտի պանթեոնում
Մարտի 5-ին Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման ժամանակ անմահացած ոստիկանների՝ Արմեն Բաբայանի, Դավիթ Դանիելյանի և Արարատ Գասպարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին ժամը 17:00-ին՝ Ստեփանակերտի ՍԲ Հակոբ եկեղեցում:
ԱՀ ներքին գործերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արմեն Բաբայանի և Դավիթ Դանիելյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 7-ին Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոնում, Արարատ Գասպարյանի հուղարկավորությունը՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Քիչ անց ՆԳՆ-ն հայտնեց ոստիկանների անունները. թշնամու գործողությունների հետևանքով զոհվել են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: Լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում: Արցախի առողջապահության նախարարությունն ավելի ուշ տեղեկացրել է, որ վիրավոր ոստիկանը վերակենդանացման բաժանմունքում է՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։