ՊՆ նախկին շենքի բնակիչները ՊԵԿ-ի դիմաց են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պաշտպանության նախարարության նախկին շենքից վտարված քաղաքացիներն այսօր՝ մարտի 6-ին, կրկին բողոքի ակցիա են անցկացնում ՊԵԿ-ի դիմաց և հանդիպում պահանջում կոմիտեի ներկայացուցիչների հետ։

 


Քաղաքացիները պահանջում են թույլատրել իրենց վերադարձը ՊՆ նախկին շենք և կատարել իրենց վնասված գույքի փոխհատուցումը։

«2018 թվականին ինչո՞ւ թույլ տվեցին, որ այնտեղ մարդիկ հաստատվեն, ինչո՞ւ էին դռները բաց մարդկանց համար, հիմա ինչո՞ւ հանկարծ հիշեցին։ Ժողովուրդն իր գումարով պայմաններ ստեղծեց, իրենք էլ 6 հազար զորքով 100 բնակչին դուրս հանեցին»,- լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։

«Մենք պայքարելու ենք մինչև վերջ, չեն պատասխանի մեր հարցերին՝ բոլորս մեր իրերով կգանք ու կբնակվենք այստեղ։ Մեր երեխեքը ոչ նորմալ դպրոց են հաճախում, ոչ էլ նորմալ սնվում ե, չի կարող այսպես շարունակվել»,- նշեց մեկ այլ բնակիչ։

Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնել են, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն 12 ընտանիքի է կացարանով ապահովել։

ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։