Ադրբեջանը դարձել է միջազգային իրավունքի չարամիտ կարգազանց. հանդիպում ՀՀ ԱԳՆ-ում
Միայն միջազգային հանրության հասցեական գնահատականներն ու հստակ գործողությունները կարող են օգնել զսպելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և աջակցելու տարածաշրջանում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման ջանքերին: Այս մասին օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպմանն ասել է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` անդրադառնալով մարտի 5–ին Արցախում արձանագրված միջադեպին, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։
Նշվում է, որ մարտի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի և ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:
Մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։
«Վահե Գևորգյանը շեշտել է, որ վերոնշյալ դիվերսիոն հարձակումը, որը հանդիսանում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտում, եղել է նախապես ծրագրավորված Ադրբեջանի կողմից: Մասնակիցների ուշադրությանն է ներկայացվել ԼՂ իշխանությունների կողմից հրապարակած տեսանյութը, որն ապացուցում է Ադրբեջանի կողմից առաջ քաշված վարկածի անհիմն լինելը: Նա ընդգծել է նաև, որ դիվերսիոն գործողությունն իրականացվել է ոչ ռազմական թիրախի դեմ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ օտարերկրյա դիվանագետների ուշադրությունը հրավիրվել է այն փաստին, որ արդեն երկու շաբաթից ավել է, ինչ Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի բացման առնչությամբ կայացված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը կոպտորեն արհամարհվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։
«Այն փաստը, որ այս ահաբեկչական գործողությունը տեղի է ունենում նաև այդ չկատարված վճռի պայմաններում, վկայում է, որ Ադրբեջանը դարձել է միջազգային իրավունքի չարամիտ կարգազանց»,–ասել է Գևորգյանը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը տարբեր առիթներով դիմում է ուժի կիրառման՝ ահաբեկելու և միակողմանի առավելապաշտ լուծումներ պարտադրելու նպատակով, և որ նման կրկնվող միջադեպերը վկայում են, որ միայն միջազգային հստակ մեխանիզմի գոյության և ներգրավվածության պայմաններում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև երկխոսությունը կարող է հաջողվել:
Sputnik Արմենիա