Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ԴԱՏԱՐԿ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ԲԱՐԴԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀՀ-Ի ՀԱՄԱՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես հասկացել է, որ ինքն ու իր թիմը չեն կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Արթուր Խաչիկյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետի` Գերմանիայում հայ համայնքի հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարությունը։
Վարչապետը Բեռլինում ասել էր, թե ինքը չի կարող պնդել, որ իր քաղաքական թիմը երաշխավորել է պետության անվտանգությունը, առավել ևս այս պայմաններում, երբ աշխարհաքաղաքական երկրաշարժեր և լուծումներ են տեղի ունենում։
«Մեր ղեկավարը վերջապես ռեալ ձևով սկսեց ընկալել աշխարհը։ Մենք սրա մասին խոսում էինք տարիներով, մեզ վիրավորում էին, հայհոյանքներ էին գրում սոցցանցերում, սպառնալիքներ, հիմա վերջապես մենք հասկացանք, որ սա ոչ միայն Արցախի հարցն է, այլ նաև Հայաստանի։ Փաշինյանը Բեռլինում խոսեց «Արևմտյան Ադրբեջան» պրոեկտի մասին, որ Ալիևն ուզում է մինչև Երևան գալ, այսինքն ամբողջ Հայաստանն է ուզում»,–նկատեց մեր զրուցակիցը։
Ըստ Խաչիկյանի` վարչապետը քողարկված ձևով իր հայտարարությամբ խոստովանեց, որ չի կարող ապահովել երկրի անվտանգությունը, ինչը նշանակում է, որ իշխող ուժը պետք է հեռանա և տեղը զիջի այն թիմին, որը կարող է ապահովել այդ անվտանգությունը։
Քաղաքագետը նաև վստահեցնում է, որ եվրոպական առաջնորդների կողմից դատարկ խոստումներն ու խոսքերն առանց գործնական քայլերի միայն կբարդացնեն Հայաստանի վիճակը։ Այս կոնտեքստում է նաև ԵՄ դիտորդական առաքելության` ՀՀ–ում գտնվելը։
Խաչիկյանը հարց է բարձրացնում` ինչ կլինի, եթե Ադրբեջանը հերթական ագրեսիան ձեռնարկի Հայաստանի դեմ, բայց արդեն եվրոպական դիտորդների ներկայությամբ: Նա անարդյունավետ է համարում հայկական քաղաքական ղեկավարության Արևմուտքից Մոսկվա և Մոսկվայից Արևմուտք «վազելը»։
«Պետք է տրվեն հետևյալ հարցերը Եվրոպային. պատրա՞ստ են երաշխավորելու Հայաստանի տարածքային անձեռնմխելիությունը։ Եթե լինի հարձակում Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի վրա, լինելո՞ւ են պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, կամ որևէ աջակցություն տնտեսական կամ ռազմական պատրա՞ստ են տրամադրել մեզ, թե՞ ոչ։ Եվ եթե Արցախում սկսվեն էթնիկ զտումներ, պատրա՞ստ են ճանաչել Արցախի անկախությունը` որպես միակ փրկության միջոց։ Եկել է ժամանակը` խոսելու կոնկրետ բաների մասին»,–ասաց նա։
Քաղաքագետը համոզված է, որ արևմտյան առաջնորդների անվերջ ընդհանուր արտահայտություններն ու ձևակերպումները չեն օգնում։ Նրանք պետք է հասկանան, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել այդ ամենը։ Այս տեսանկյունից բավական սիմպտոմատիկ է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ կապված դրվագը։ Վերջինս Բեռլինում Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ղարաբաղյան թեմայի համատեքստում հայտարարել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի համարժեքության մասին։ Սակայն ավելի ուշ կանցլերի պաշտոնական կայքում ԼՂ ինքնորոշման իրավունքի մասին ձևակերպումը հանվել է։
«Այս խաղերը, մեզ հույս տալը և «գցելը» պետք է վերջացնել։ Եթե խոսքի հետևը որևէ գործ չկա, որևէ ուժ չկա, այդ բառերով Արևմուտքը միայն սադրում է մեզ և Ադրբեջանին։ Եթե Եվրոպան պատրաստ է վերջապես 35 տարի հետո ճանաչել, որ Արցախն ունի ինքնորոշման իրավունք, և եթե լինի էթնիկ զտում, կկանխի, այդ դեպքում պետք է խոսել նրանց հետ։ Իսկ դատարկ բառերով հույսեր տալու հետևանքը ՀՀ–ի համար շատ ծանր է լինելու»,–ընդգծեց քաղաքագետը։
Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ պետք է պայմանագրի մակարդակով ամրագրվի ԵՄ առաքելությունը, փորձագետը նկատեց, որ այն հղի է Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերություններում ճգնաժամի խորացմամբ: Սա առավել ևս ակնհայտ է, քանի որ դեռևս կոնկրետ քայլեր չեն սպասվում ԵՄ-ի կողմից։ ԵՄ–ն ընդամենը արձանագրելու է, որ հայերի հետ հերթական ողբերգությունն է տեղի ունեցել, կլինեն զեկույցներ, բանաձևեր, և ոչ ավելին։ Սա Հայաստանին պետք չէ։
Քաղաքագետը միևնույն ժամանակ չի բացառում Հայաստանի տարածքում ԵՄ երկրների ռազմաբազայի տեղակայման սցենարը։ Սակայն այս դեպքում էլ կրկին հարց է առաջանում, թե պատրա՞ստ են արդյոք այդ ուժերը տեր կանգնել Հայաստանին ռազմական հակամարտության դեպքում։