2023-03-07 11:17
Լրատվական գործակալություններ
Փարիզն ընդգծում է՝ ադրբեջանցիները թիրախավորել են ոստիկանական մեքենան
Արցախում տեղի ունեցած արյունալի իրադարձություններին արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը՝ հստակ մատնանշելով, որ ոստիկանական ավտոմեքենան թիրախավորվել է ադրբեջանական կողմից։
«Ցավում ենք մարտի 5-ին տեղի ունեցած այդ ծանր միջադեպի զոհերի համար, որի ընթացքում Լաչինի միջանցքի մերձակայքում ոստիկանների տեղափոխող ավտոմեքենան թիրախավորվել է ադրբեջանական ուժերի կողմից՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում», - ասված է պաշտոնական Փարիզի հայտարարությունում։
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն անհրաժեշտ է համարում, որպեսզի լույս սփռվի միջադեպի հետ կապված բոլոր փաստերի վրա։ Փարիզը նաև կոչ է անում խստորեն պահպանել հրադադարը։
Azatutyun.am