Արցախցիները փակել են ռուս խաղաղապահների տեղակայման գլխավոր մուտքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի մի շարք բնակիչներ այսօր՝ մարտի 7-ին, մի քանի ժամ է՝ փակել են ռուս խաղաղապահների տեղակայման գլխավոր մուտքը: Արցախցիները պահանջում են հանդիպում ռուս խաղաղապահների ներկայացուցիչների հետ:

 


Բնակիչների պահանջն է՝ ապահովել Արցախի խաղաղ բնակիչների անվտանգ կյանքը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Թշնամու գործողությունների հետևանքով զոհվել են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: Լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում։ Վիրավոր ոստիկանը վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը կայուն ծանր է՝ թույլ դրական դինամիկայով։

Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին հայտարարել է, որ մարտի 1-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում ադրբեջանական կողմի հետ: «Երկրորդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քննարկել քաղաքական թեմաներ՝ օգտագործելով ինտեգրացիա բառը, սակայն պարոն Շահրամանյանը կանխել է՝ ասելով, որ եթե պետք է քննարկեն քաղաքական հարցեր, դա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման: Նա հավելել է, որ քաղաքական հարցերի քննարկման համար իրենք լիազորված չեն և տվյալ հանդիպմանը չեն կարող քննարկել այդպիսի հարցեր»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Երկրի ղեկավարի խոսքով՝ դրանից հետո ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է իրենց, որ կամ ընդունում են ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:

News.am