Ձեր հոգատար դաստիարակությամբ են հասակ առնում ազգի արժանավոր զավակները. կաթողիկոսի ուղերձը

Ընտանիքին ու հայրենիքին կանանց նվիրումով են պահպանվում և սերնդեսերունդ փոխանցվում մեր ազգային ավանդույթները։

Կանանց միջազգային օրվա առիթով այս շեշտադրմամբ շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Վեհափառն ընդգծում է, որ հենց հայ կանանց հոգատար դաստիարակությամբ են հասակ առնում ազգի և եկեղեցու արժանավոր զավակները, որոնք մեր պատմության վճռորոշ հանգրվաններում, նաև արցախյան պատերազմի օրերին և ներկայում իրենց սխրանքներով ու անձնազոհությամբ հերոսանում են հայրենյաց պաշտպանության սրբազան առաքելության մեջ։

«Հայրապետիս աղոթքն ու մաղթանքն է, որ Տերը հաստատուն պահի տիկնանց և օրիորդաց հավատքի, բարի գործերի ու առաքինությունների մեջ և շնորհի արևշատ կյանքի երջանիկ օրեր: Հայցում ենք, որ Բարձրյալն Աստված խաղաղ ու բարօր պահպանի մեր հայրենիքը և մեր աշխարհասփյուռ ժողովրդին՝ պարգևելով ուժ ու կորով՝ կերտելու իր լուսավոր ապագան»,– նշված է հայրապետական ուղերձում։

Կաթողիկոսը շեշտում է, որ այսօր յուրաքանչյուրիս պարտքն է մեր աշխատանքով ապահովել երկրի անվտանգ ու խաղաղ ապագան, աջակցել Արցախում շրջափակման մեջ գտնվող մեր ժողովրդին։

Վեհափառը նաև ընդգծել է կանանց ավանդը պետական ու հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում:

Sputnik Արմենիա