«Հրապարակ». Ո՞ՒՄ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախկին դատախազ Գուրգեն Ներսիսյանի` պետնախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո Արցախում գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է մնացել, այն պետք է համալրվի մի քանի օրից։

Չնայած որ խորհրդարանն է ընտրելու նոր գլխավոր դատախազին, սակայն երեկվա դրությամբ դեռ պատկերացում չունեին, թե ում թեկնածությունն է ներկայացնելու Արցախի նախագահը։ Նախագահականի մեր աղբյուրները փոխանցում են, որ ամենայն հավանականությամբ Արայիկ Հարությունյանի ընտրությունը կանգ կառնի Ներսիսյանի տեղակալներից մեկի վրա: Չի բացառվում՝ Կարեն Գաբրիելյանի, որը դատախազության հնաբնակներից է, սակայն պատերազմից հետո՝ 2021-ի մարտի 15-ին է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ։

Ի դեպ, մամուլում վերջերս լուրեր էին շրջանառվում, թե չի բացառվում, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զբաղեցնի ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնը, սակայն Արցախի Սահմանադրությունը դա թույլ չի տալիս. «Գլխավոր դատախազ կարող է ընտրվել 35 տարին լրացած, Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը»»։

Aysor.am