ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը խոլերայի դեմ պատվաստումներ են սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) խոլերայի դեմ պատվաստումներ են սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որը տուժել էր փետրվարին տեղի ունեցած երկրաշարժից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Արշավի ընթացքում խոլերայի դեմ պատվաստանյութի 1,7 միլիոն չափաբաժին կօգտագործվի մեկ տարեկանից բարձր սիրիացիներին պաշտպանելու համար, հատկապես նրանց, ովքեր ապրում են երկրաշարժից առավել ծանր տուժած և խոլերայով հիվանդանալու առավելագույն վտանգի տակ գտնվող տարածքներում»,-ասված է ԱՀԿ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանային բյուրոյի հայտարարության մեջ:
Անցյալ տարվա սեպտեմբերին հայտարարվել Էր Սիրիայում խոլերայի բռնկման մասին, միայն Իդլիբում և Հալեպում գրանցվել էր հիվանդության ավելի քան 50 հազար հավանական դեպք, որոնցից 18%-ը բաժին էր ընկնում ներքին տեղահանվածների ճամբարներում ապրողներին:
Sputnik Արմենիա