Իրանի ԱԳ նախարարը բոլոր պետություններին կոչ է արել թույլ չտալ Իսրայելին ոտք դնել կովկասյան տարածաշրջան
Իրանի Իսլամական Հանրապետությունը նախազգուշացնում է, որ բոլոր պետությունները պետք է խելամիտ գործեն իսրայելական կեղծ ռեժիմի վարքագծի նկատմամբ և թույլ չտան Իսրայելին ոտք դնել կովկասյան տարածաշրջան։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Mehr-ը:
Ամիր Աբդոլլահիանը ցավակցություն և համերաշխություն է հայտնել թուրք ժողովրդին և կառավարությանը՝ վերջերս տեղի ունեցած մահացու երկրաշարժի կապակցությամբ:
Երկրաշարժի առաջին ժամերից Իսլամական հեղափոխության առաջնորդը և Իրանի նախագահը խստագույնս հրամայել են օգնել Թուրքիայի մուսուլման ժողովրդին, ասել է նա և հավելել, որ Իրանի Կարմիր մահիկը, բանակը և ԻՀՊԿ-ն մտել են երկրաշարժից տուժած շրջաններ և առաջարկել իրենց ծառայությունները, տրամադրել կացարան և բժշկական օգնություն:
«Այսօր մենք կարևոր բանակցություններ ենք վարել տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման կարևորության շուրջ»,-ասել է նա՝ հավելելով, որ վերջին տարիներին իրանա-թուրքական առևտրի ծավալներն ավելացել են:
«Մեր գլխավոր խնդիրներից մեկը բնապահպանական և ջրային հարցերն են, և մենք համաձայն ենք Արաքս գետի նկատմամբ Իրանի և երկրի արևմտյան շրջանների բնակչության մշտական հասանելիության կարևորության հետ»,-նշել է նա։
«Երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային միջանցքներին, ներառյալ Իրանի և Թուրքիայի միջև միջանցքներին, մենք տարածաշրջանային մրցակցության փոխարեն շեշտը դնում ենք տարածաշրջանային գործընկերության վրա»,-նշել է Աբդոլլահիանը:
Իրանի ԱԳ նախարարը նաև հաստատել է Թեհրանի դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանում իսրայելական ներկայության վերաբերյալ:
«Մենք տարածաշրջանում սիոնիստների ներկայությունը լուրջ սպառնալիք ենք համարում տարածաշրջանի խաղաղության և կայունության համար»,-ասել է նա։
Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր կողմերին զգուշացնում է «խելամիտ գործել իսրայելական կեղծ ռեժիմի վարքագծի նկատմամբ և թույլ չտալ Իսրայելին ոտք դնել տարածաշրջանի տարածք», նշել է նա։
Անդրադառնալով Անկարայի և Բաղդադի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությանը՝ նա ասել է, որ Իրանը ողջունում է մասնակցությունը Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի ցանկացած քառակողմ հանդիպմանը:
«Մենք նաև կոնսենսուսի ենք հասել Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության միջև եռակողմ հանդիպման անցկացման հարցում»,-հավելել է նա։
News.am