Վրացական ընդդիմությունը երկու պահանջ է ներկայացրել իշխանություններին

Թբիլիսիում լայնածավալ բողոքի ակցիայի մասնակիցները երկու պահանջ են ներկայացրել Վրաստանի իշխանություններին՝ լարվածության աճից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Վրացական երազանքը» պետք է անհապաղ հետ կանչի ռուսական օրենքը խորհրդարանից և ազատ արձակի բոլոր նրանց, ովքեր երեկ ապօրինի ձերբակալվել են»,- ասել է ընդդիմության առաջնորդ Գեորգի Վաշաձեն: Նա հավելել է, որ երկրի ղեկավարությանը սրա համար մեկ ժամ է տրվում, հակառակ դեպքում ակտիվիստները «կանցնեն այլ քայլերի»։

Ռուսթավելի պողոտայում բողոքի լայնածավալ ցույց է ընթանում։ Մարդիկ դեմ են օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմանը։ Նախօրեին տեղի ունեցած հանրահավաքում ոստիկանությունը բերման է ենթարկել ցույցի 66 մասնակցի։ Ավելի ուշ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել տեսաուղերձով, որում աջակցություն է հայտնել ցուցարարներին և խոստացել է վետո դնել վիճահարույց օրենքի վրա։

Միևնույն ժամանակ, Վրաստանի ոստիկանությունը չորեքշաբթի օրը Թբիլիսիի կենտրոնում ձերբակալել է ևս 10 ցուցարարի, որոնց թիվը հասել է 76-ի, ասվում է երկրի ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։ Գործակալության տվյալներով՝ ցուցարարները նախորդ օրը բողոքի ցույցի են դուրս եկել խորհրդարանի դիմաց՝ իրենց հետ ունենալով էլեկտրաշոկերներ, մահակներ, քարեր, տարբեր պիրոտեխնիկա, ներկեր և օրենքով արգելված ու բռնի գործողությունների համար նախատեսված տարբեր առարկաներ, որոնք առգրավվել են ոստիկանների կողմից։

News.am