«Օրրան»․ Մինչև 2050 թվականը Հայաստանից կարող է արտագաղթել 1 միլիոն մարդ

Հայաստանի բնակչության աճն ապահովելու լուրջ խնդիր կա, քանի որ մինչև 2050 թվականը Հայաստանից կարող է արտագաղթել 1 մլն մարդ։ Այս մասին մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «The Future Armenian» զարգացման հիմնադրամի բնակչության աճի փորձագիտական ​​հանձնաժողովի նախագահ, «Օրրան» բարեգործական կազմակերպության ղեկավար Արմինե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, այս դեպքում երկրի բնակչության թիվը կկազմի ընդամենը 2 միլիոն մարդ։ Նա նշել է, որ հարյուր հազարավոր մարդիկ արտագաղթում են Հայաստանից, իսկ Սիրիայից կամ Իրաքից ներգաղթի ժամանակ չհաջողվեց պահել այդ երկրներից ժամանած մարդկանց։

«Կարևոր է հասկանալ, թե ինչպես լուծել նման խնդիրը։ Բացի այդ, ինչպես խրախուսել մայրերին, այդ թվում նաև չամուսնացածներին՝ 3-4 երեխա ունենալ։ Հուսով եմ, որ մարտի 10-12-ը Երևանում Համահայկական քաղաքացիական ասամբլեայի շրջանակում կայանալիք համաժողովի ընթացքում մենք կկարողանանք անհրաժեշտ մոտեցումներ մշակել»,- ընդգծել է Հովհաննիսյանը։

Նա հավելել է, որ նախաձեռնությունը ներառում է անվտանգության, ապահովության, առողջապահության, տնտեսության և կրթության հարցեր:

News.am