ԱՐՑԱԽԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ

Խոշոր քաղաքական գործիչներն ամենքի աչքի առաջ են։ Նրանց յուրաքանչյուր բառն ու քայլը ուշադրություն է գրավում, ակտիվորեն մեկնաբանվում։ Սակայն ժամանակի ընթացքում շատ բան մոռացվում է, ինչը հաճախ թույլ է տալիս անմաքուր ընդդիմախոսներին խեղաթյուրել փաստերը, վերաշարադրել իրականությունը իրենց համար նպաստավոր ձևով: Դա բանավեճերի է հանգեցնում մամուլում ու սոցցանցերում։ Անհրաժեշտություն է առաջանում հիշեցնել ասվածի ու արվածի մասին՝ դրան հավելելով ինչ-որ բան այն ամենից, ինչի մասին ժամանակին չարժեր նշել։ Այս համատեքստում արդիական է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի հրատարակած «Բանակցային առաջնագծում» ժողովածուի լույսընծայումը։ Նախագծի ղեկավարն է Մերի Հարությունյանը, լուսանկարները՝ Մարտին Շահբազյանի և Դավիթ Հակոբյանի: Տպաքանակը՝ 1000 օրինակ։

450 էջ ծավալով գիրքը բաղկացած է 15 մասից՝ շարադրված ժամանակագրական կարգով, 2008-ից մինչև 2022 թվականը: Տարբեր ձևաչափերի 162 նյութերը (հայտարարություններ, ուղերձներ, ելույթներ, հոդվածներ, հարցազրույցներ) արտացոլում են Ս.Սարգսյանի քաղաքականությունը, նրա մոտեցումները Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի տարբեր փուլերում, առանցքային սկզբունքները, որոնց տարիներ շարունակ հավատարիմ է եղել երրորդ նախագահը։ Իր դիրքորոշումը նա արտահայտել է տարբեր լսարաններում և տարբեր հարթակներում. ՄԱԿ-ում, ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, սփյուռքահայ համայնքների անդամների, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Հռոմի Պապի հետ հանդիպումներում և այլն։ Հստակության համար ներկայացնեմ գրքի մասերի և նյութերի խորագրերից միայն մի քանիսը, որպեսզի ընթերցողը պատկերացնի բանակցություններում արվող շեշտադրումներն այդ տարիներին։

 Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ կարմիր գիծ։ Հայաստանը չի կարող ճանաչել նույնանման իրավիճակում գտնվող մեկ այլ կազմավորում, քանի դեռ չի ճանաչել ԼՂՀ-ն։ Մադրիդյան սկզբունքները կարող են հիմք հանդիսանալ հակամարտության կարգավորման համար (այս ամենը՝ 2008թ.)։ Հայրենի հողը գին չունի։ Ես հաճույքով հրաժեշտ կտամ քաղաքականությանը, եթե Ղարաբաղի խնդիրը լուծվի։ Մենք երբեք Ադրբեջանի նախագահի հետ տարածքներ վերադարձնելու հարց չենք քննարկել (2009թ.)։ Արցախը հայաթափ կլինի, եթե հայտնվի Ադրբեջանի կազմում։ Փխրուն խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը: Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում մենք կճանաչենք ԼՂՀ անկախությունը (2010թ.)։ Ադրբեջանը առիթի է սպասում ռազմական արկածախնդրություն սանձազերծելու հարմար։ ԼՂՀ ճանաչումը հավասարազոր է բանակցային գործընթացի խզման։ Միակողմանի զիջումները բացառվում են։ Ղարաբաղյան հակամարտությունը կրոնական բնույթ չի կրում (2011թ.): Արցախը եվրոպական ընտանիքի մաս է (2012թ.): Մենք պատերազմ չենք սկսել և չենք սկսելու (2013): Հայրենիքը սրբություն է, ձեր բազարները մի կողմ դրեք (2014): Արցախի ժողովուրդը չի կարող ապրել ավտորիտարիզմից դեպի բռնապետություն ընթացող Ադրբեջանի կազմում (2015թ.): Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածեց Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի։ Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը (2016թ.): Պոպուլիզմը՝ անվտանգության սպառնալիք։ Բանակցություններին այլընտրանք չկա (2017): Անհրաժեշտ է պահպանել դիրքերի դասավորությունը (2018): Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում (2019): Ալիևի լեզուն երկարել է մեր ներքին վայ-կառավարիչների պատճառով (2020): Հայրենիքից չեն նեղանում (2021): Խաղաղություն աղերսելը երբեք չի բերել խաղաղության (2022):

Համաձայնեք, որ նյութերի խորագրերն արդեն իսկ կօգնեն նույնիսկ բանից անտեղյակ քաղաքական գործչին, օտարերկրացուն հասկանալ, թե ինչի միջով է ստիպված եղել անցնել Հայաստանի ղեկավարությունը, որպեսզի փորձի տարեցտարի ավելի դեգրադացվող միջազգային հանրությանը հասցնել ճշմարտությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագրի մասին, որն իր իրավական կարգավիճակով շատ ավելի լեգիտիմ պետական կազմավորում է, քան նախկին ԽՍՀՄ որոշ հանրապետություններ։

Սակայն աշխարհում միշտ և ամեն ինչ վճռել է նախևառաջ ուժը։ Մեր դեպքում չափազանց վաղ և «սխալ տեղում» առաջացած ազգի ներուժն ու արեալը մի քանի հազարամյակների ընթացքում աստիճանաբար հալչել են։ Ճակատագիրը չպարգևեց մեզ հիրավի եղբայրաբար նվիրված դաշնակից։ Ասենք ոչ ոք աշխարհում չունի այդպիսին: Իսկ մե՞նք։ Ում ասես, որ թև ու թիկունք չենք կանգնել. սկսած տրոյացիներից և վերջացրած ՀԱՊԿ զորախմբի կազմում Ղազախստանի առաջնորդին ապստամբությունից փրկելով։ Եվ ի՞նչ։

...Ժողովածուի նախաբանում մեջբերում է արված 2018 թվականի փետրվարի 17-ին Մյունխենում անվտանգության 54-րդ համաժողովում Սերժ Սարգսյանի ելույթից. «Մեր անցած ճանապարհի արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ աշխարհաքաղաքական մրցակցությունը որևէ լավ բան չի բերում։ Հետևաբար, նման մրցակցությունից չտուժելն արդեն իսկ նշանակում է շահել: Պատմության այս փորձն է ընկած մեր քաղաքականության հիմքում։

Միաժամանակ վստահ եմ, որ Հայաստանի և շատ այլ երկրների համար աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերի խաչմերուկում հայտնվելը և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն։ Երբ այդ կենտրոնները գտնվում են հակադրության մեջ, փոքր պետությունների շահերը երբեմն անտեսվում են: Ուստի, մեր խնդիրն է մշտապես մարտահրավերները վերածել հնարավորության՝ համագործակցության և շահերի համադրման միջոցով»։

«Բանակցային առաջնագծում» գրքի ողջ բովանդակությունը վկայում է այն մասին, որ երրորդ նախագահն իր քաղաքական կարիերայի ընթացքում ձգտել է վերածել մարտահրավերը հնարավորության։ Արդյունքները տարբեր են ստացվել։ Եվ պատճառն այստեղ նույն այդ «փոքր պետության» առաջնորդի ջանքերի բացակայությունը չէ, այլ այն, որ (ըստ նույն մեջբերման) «փոքր պետությունների շահերը երբեմն անտեսվում են»։ Ուրիշ էլ ի՞նչ պատճառով:

Այստեղ կարելի է կատակով օգնության կանչել Ս.Միխալկովին և մեջբերել նրա ոտանավորը.

-Իսկ մենք տանը գազ ունենք։

Դե, իսկ դո՞ւք։

Հուսով եմ՝ հասկանալի է, թե ինչ գազի մասին է այսօր խոսքը և ինչ նավթի պատճառով 1921 թվականին Լենինն ու Ստալինը նվիրեցին ամբողջ Ղարաբաղը (Հարթավայրային ու Լեռնային) և Նախիջևանը անդրկովկասյան թաթարներին։ Այսօր «թաթարները» լկտիացել են՝ խոսելով արդեն «Իրևան» քաղաքի նկատմամբ «օրինական, պատմական» իրավունքների մասին, և աշխարհաքաղաքական հսկաներից ոչ մեկը չի սաստում նրանց, չի ասում. «Պապանձվե՛ք վերջապես, կեղծարարներ…»։

Ոչ, շա՜տ մարդասեր համաշխարհային հանրությունը շարունակում է հանգիստ նայել Արցախի բազմամսյա շրջափակմանը, ինչը լիովին համապատասխանում է ցեղասպանությունը բնորոշող իրավական նորմերին, և մոռանում է, որ ինքը նույնպես տարիներ շարունակ հանդիսանում է պետական մի կազմավորման կողմից մյուսի դեմ ուղղված հանցագործության փաստացի ոճրակիցը:

Ս.Սարգսյանի գրքում կան բազմաթիվ հետաքրքիր փաստեր, որոնց մասին մենք մոռացել ենք։ Կան նաև քիչ հայտնի հանգամանքներ։ Մասնավորապես՝ ՀՀ, ԱՀ և ՌԴ նախագահների Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում ունեցած եռակողմ հանդիպումների մանրամասները։ Հավանաբար հեղինակը բացահայտել է քաղաքական խոհանոցի լոկ մի որոշ մասը։ Մնացյալը, միգուցե, հստակ կդառնա, եթե հերթը հասնի հուշագրությունների։

Բայց դրանց համար, թերևս, դեռ վաղ է։ Սարգսյանը շարունակում է իրեն համարել գործող քաղաքական գործիչ, ընդգծում, որ չի լքելու հայոց պետականությունը պաշտպանող խրամատները։

Ցուցանշական նրբերանգ է ուրվագծվում ժողովածուի լուսանկարները դիտելիս։ Այնտեղ կան կադրեր, որոնք պատկերել են Սարգսյանի և Ալիևի 24 հանդիպումները։ Այնտեղ «ՄՀՄՊԻ-ի շրջանավարտը» մռայլ, լարված, ճնշված մարդու կերպարանք ունի, որն ապարդյուն փորձում է ուրախ ձևանալ՝ խաղը տանուլ տալով։ Սարգսյանը հանգիստ է, վստահ, երբեմն ժպտերես։ Ակամայից համոզվում ես. իզուր չէ, որ Ալիևն իր կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 7-ի նիստում գանգատվում էր, որ միջազգային միջնորդները ստիպում են իրեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

 Ամեն ինչ սկսեց կտրուկ փոխվել 2018-ի ապրիլից: 2021 թվականի փետրվարի 15-ին «Արմնյուզ» հեռուստաալիքին Ս.Սարգսյանի տված հարցազրույցը կոչվում էր «Այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր»։ Այժմ դա վերջապես պարզ է դարձել բոլոր նրանց, ովքեր հասկանում են, որ երես թեքելով Ղարաբաղից՝ մենք կորցնելու ենք «Իրևանը»։

Բայց դա, իհարկե, տեղի չի ունենա։ Նույն հարցազրույցում աշխարհաքաղաքական խութերի մասին իր մտորումները Սերժ Սարգսյանը եզրափակում է հետևյալ կերպ. «Մենք պետք է հստակ հասկանանք. օգնում են նրանց, ովքեր ցանկանում են բարելավել երկրի կյանքը։ Մուրացկաններին ընդամենը խղճում են։ Մենք երբեք այդպիսին չենք եղել և չպետք է լինենք։ Մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը և բարելավենք մեր սոցիալական վիճակը։ Այլ բան տրված չէ»։

Հ.Գ.- Ես ոչ մի բառ չգրեցի հայրենի այն վայ-կառավարիչների փաստարկների մասին, որոնք խեղաթյուրում են բանակցային գործընթացի մի շարք փաստեր՝ հօգուտ Ալիևի հարվածելով մեր ազգային շահերին։ Ժողովածուի նյութերը կօգնեն անաչառ ընթերցողին տարբերել ճշմարտությունը պոպուլիստական կեղծիքից: Եվ հասկանալ, որ մենք արտաքին քաղաքականության մեջ մեր ճոճանակով մոտենում ենք անդարձելիության կործանարար կետին։