Զախարովան՝ Լաչինի միջանցքի հարցով Լավրովի խոսքերի մասին

Կողմերի հետ համապատասխան շփումներ են տեղի ունենում՝ մեր գերատեսչության հետ համագործակցությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Շարունակվում է Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների որոնումը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 28-ին Բաքվում հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի առաջին եռակողմ հայտարարությանը։ Նա պարզաբանել է, որ անցակետերի ստեղծում նախատեսված չէ, սակայն հնարավոր է տեխնիկական միջոցներով վերացնել այն կասկածները, որ միջանցքն իսկապես օգտագործվում է իր նշանակությամբ։

«Սերգեյ Լավրովի ասած խոսքերին ավելացնելու ոչինչ չկա։ Մանրամասների մեջ մտնելը, հրապարակավ քննարկելը, կարծում եմ, անիմաստ է՝ այս հարցի զգայունության պատճառով»,- ասել է Զախարովան։

News.am