ԱՄՆ-ում ԿԱՐՈՂ Է ԳՈՐԾԵԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ, ՎՐԱՍՏԱՆՈՒՄ՝ ՈՉ: ՏԵՍ, ՉՇՓՈԹԵ՛Ս

Վրաստանը տենդի մեջ է։ Երաքշաբթի օրը վրացական խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց արտաքին ազդեցության թափանցիկության, այլ կերպ ասած՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը: Օրինագծին կողմ են քվեարկել 76 պատգամավոր, դեմ՝ 13։ Դրանից հետո Թբիլիսիում անկարգություններ սկսվեցին խորհրդարանի շենքի մոտ, իսկ ոստիկանությունը, համապատասխանաբար, սկսեց ցրել ցուցարարներին՝ կիրառելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Կան ձերբակալվածներ։

Շատ, շա՛տ վատ է. անմիջապես արձագանքեց Արևմուտքը՝ հստակ հասկացնելով վրացական իշխանություններին, որ չի հանդուրժի ոչ մի ինքնակամություն, առավելևս՝ արտաքին, այսինքն արևմտյան ազդեցությունից և վերահսկողությունից պաշտպանվելու վրացիների որևէ ձգտում։ Չէ՞ որ դա հակաժողովրդավարական է։

«Սա իրադարձությունների շատ վատ զարգացում է Վրաստանի և նրա ժողովրդի համար։ Օրենքն անհամատեղելի է ԵՄ արժեքների և չափանիշների հետ։ Այն հակասում է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի ազդարարած նպատակին»,- հայտարարեց ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, կոչ անելով «հարգել Վրաստանի քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը», ինչպեսև հավելելով, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքի իրագործումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Եվրամիության հետ Վրաստանի հարաբերությունների համար: Զարմանալի է, բայց նույն Բորելը համառորեն չէր տեսնում Երևանում փաշինյանական իշխանության դեմ ցույցերի ժամանակ քաղաքացիների ձեռքերը ոլորող ու խեղդող հայ ոստիկանների վայրագությունները։

Անմիջապես արձագանքեց նաև Պետդեպարտամենտը՝ իր ներկայացուցիչ Նեդ Փրայսի շուրթերով հայտարարելով, որ «ԱՄՆ-ը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը Վրաստանում»։ Փրայսն ընդգծեց, որ խաղաղ ցուցարարներին պետք է թույլատրվի իրականացնել իրենց իրավունքները։ Ժանրի դասական նմուշ։

Մինչդեռ ո՞րն է խնդիրը։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծով առաջարկվում է Վրաստանում ստեղծել օտարերկրյա պետությունից ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և սուբյեկտների գրանցամատյան: Ինչո՞ւ ԱՄՆ-ին կարելի է ունենալ այդպիսի օրենք, իսկ Վրաստանին՝ ոչ։

Գուցե Փրայսը տեղյակ չէ, բայց օտարերկրյա գործակալների մասին օրենքը՝ Foreign Agents Registration Act-ը, հապավումով՝ FARA-ն, ԱՄՆ-ում ընդունվել է 1938 թվականին, և առ այսօր դա ոչ միայն չի խանգարել ամերիկյան ժողովրդավարությանը, այլև չի խոչընդոտել ԱՄՆ-ին հանդես գալ խրատատուի դերում, որը ժողովրդավարության դասեր է տալիս իր կարծիքով «ոչ քաղաքակիրթ»  ողջ աշխարհին։ Հիշեցնեմ, որ FARA-ի համատեքստում խոսքը այն օրենքի մասին է, որը պահանջում է, որ օտարերկրյա տերությունների շահերը «քաղաքական կամ թվացյալ քաղաքական որակով» ներկայացնող գործակալները բացահայտեն օտարերկրյա կառավարության հետ իրենց հարաբերություններն ու տեղեկատվությունը համապատասխան գործունեության և ֆինանսների մասին: Նպատակն այն է, որ հեշտացվի «նման անձանց հայտարարությունների և գործողությունների գնահատումը կառավարության և ամերիկյան ժողովրդի կողմից»:

Ընդ որում մենք բազմիցս գրել ենք, որ Հայաստանին խիստ անհրաժեշտ է օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Սակայն դա այդպես էլ չընդունվեց։ Անկախության շրջանի ոչ մի իշխանություն այդպես էլ չդիմեց այդ քայլին։ Մինչդեռ այդպիսի օրենքն ամենաուղղակիորեն վերաբերում է մեր պետական անվտանգությանը, իսկ Հայաստանում արևմտյան հատուկ ծառայությունների թելադրանքով քայքայիչ հակապետական գործունեությամբ զբաղվող արևմտյան տարատեսակ հիմնադրամների ու Սորոսի հիմնադրամի կարգի ՀԿ-ների և դրանց նմանների սանձարձակության և բացարձակ անվերահսկելիության պայմաններում դրա ընդունումն անհրաժեշտ է օդ ու ջրի պես։

«Ստացվում է, որ ԱՄՆ-ի պես հզոր երկիրը օրենսդրական մակարդակով հասկանում է խնդիրն ու դրա հետ կապված վտանգը, ընդունում օրենքը, իսկ մենք, լինելով գոյաբանական թշնամիներով շրջապատված փոքր երկիր՝ ոչ,- նշեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը վերջերս «ԳԱ»-ին տված հարցազրույցում։- Ի վերջո, ովքե՞ր են այդ օտարերկրյա գործակալները։ Դրանք այն անձինք կամ կազմակերպություններն են, որոնք ունեն արտաքին ֆինանսավորում կամ գտնվում են արտաքին ուժերի ուժգին ազդեցության տակ։ ԱՄՆ-ում նրանք անմիջապես անցնում են իրավական այլ դաշտ։ Նրանց գործունեությունը չի արգելվում, պարզապես ունեն հաշվետվության այլ համակարգ, հարկային այլ իրավիճակ, այլ փոխհարաբերություններ պետության հետ և կրճատ իրավունքներ։ Եթե դու ճանաչվում ես օտարերկրյա գործակալ, ապա ընկնում ես այլ դաշտ, որտեղ անհնար է անկաշկանդ գործել պետականության փլուզման դաշտում... Ի դեպ, վերջին ժամանակներս օտարերկրյա գործակալների մասին օրենք են ընդունել տարբեր երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանն ու Իսրայելը։ Նույնիսկ Իսրայելի համար օտարերկրյա գործակալների գործունեությունը և արտասահմանից ֆինանսավորումը շատ վտանգավոր խնդիր է»։

Մինչդեռ Արևմուտքը հավատարիմ է իր երկակի չափանիշներին։ Նույն Նեդ Փրայսը հայտարարեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել՝ ի պատասխան Վրաստանում բողոքի ցույցերի ճնշման։ «Մենք ունենք մի շարք գործիքներ, որոնք թույլ են տալիս պատասխանատվության ենթարկել ցանկացած անձի՝ ցանկացած երկրում, մարդու համակողմանի իրավունք հանդիսացող ամենի իրականացմանը միջամտելու համար»,- ասաց Փրայսը՝ ակնհայտորեն այստեղ էլ մոռանալով ամերիկյան իրավապահ մարմինների, մեղմ ասած, առավել քան կոշտ գործողությունները 2021 թվականի հունվարին ԱՄՆ Կապիտոլիումի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ, ինչի հետևանքով զոհվեցին ամերիկյան քաղաքացիներ, որոնք նույնպես, ի դեպ, զբաղված էին նրանով, ինչը, ըստ Փրայսի, «մարդու համակողմանի իրավունքի իրականացում» էր։ Ճիշտ ժամանակն է հիշեցնել պարոն Փրայսին Էշլի Բեբիթի սպանության մասին. իրադարձություն, որը տեղի ունեցավ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի մոտ նույն այդ հանրահավաքների ժամանակ։ Կապիտոլիումի ոստիկանության սպա Մայքլ Բըրդը գնդակահարեց Էշլիին՝ անկարգությունների մասնակցին, երբ վերջինս կոտրում էր բարիկադավորված դուռը, որը տանում էր դեպի խոսնակի նախասրահ, որտեղ գտնվում էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տարհանված անդամները:

Եվ զարմանալի չէ, որ ի պատասխան Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման՝ ԱՄՆ-ը պատրաստ է անհապաղ պատժամիջոցներ սահմանել, իսկ արդեն շուրջ 3 ամիս Արցախը շրջափակման մեջ պահող և արցախցիների նկատմամբ մշտապես ահաբեկչական գործողություններ կազմակերպող Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանման տարբերակ նույնիսկ չի՞ դիտարկվում։

Իսկ ինչ վերաբերում է պարոն Բորելին, ապա ակնհայտորեն արժե, որ նա հիշողության մեջ թարմացնի օտարերկրյա գործակալների մասին օրենք ընդունած եվրոպական երկրների ցանկը։ Այնպես, ընդհանուր զարգացման նկատառումներով

Հունգարիա. Օտարերկրյա գործակալների մասին օրենքն ընդունվել է 2017 թվականին, այն պահանջում է, որ արտասահմանից գումարներ ստացող որոշ կազմակերպություններ գրանցվեն որպես «օտարերկրյա գործակալներ»:

Իտալիա. Օտարերկրյա գործակալների մասին օրենքն ընդունվել է 2017 թվականին և պահանջում է, որ գրանցվեն օտարերկրյա գումարներ ստացող և քաղաքական գործունեությամբ զբաղվող ոչ առևտրային կազմակերպությունները:

Ֆրանսիա. Օտարերկրյա գործակալների մասին օրենքն ընդունվել է 2013 թվականին, այն պահանջում է օտարերկրյա գումարներ ստացող, քաղաքական գործունեությամբ զբաղվող և հասարակության մեջ «ազդեցություն» ունեցող ՀԿ-ների գրանցում։

Եվ սրանք օրինակներից ընդամենը մի քանիսն են: Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսրայելի մասին արդեն նշել ենք։