«Ժողովուրդ». ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՐՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԿԻՐԱՌՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանը լրտեսական ծրագրեր կիրառող երկրների շարքում է: Հայաստանի կառավարությունն իր ընդդիմախոսներին հետևելու համար լրտեսող ծրագրեր է կիրառել: Այս մասին վկայում է նաև Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից երեկ հրապարակված «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույցը:

Freedom house-ն իր զեկույցում հիշեցրել է, որ դեռևս 2022թ-ի մայիսին Google-ի սպառնալիքների վերլուծության խումբը (TAG) Հայաստանի կառավարությանը կապել էր մակեդոնական Cytrox ընկերության կողմից ստեղծված Predator լրտեսող ծրագրերի օգտագործման հետ։

Cytrox ընկերության Predator ծրագիրը թիրախավորում է մարդկանց՝ տվյալներ հավաքելու, մանիպուլյացիայի ենթարկելու և նրանց սարքերն ու ինտերնետային հաշիվները շարքից հանելու նպատակով։ Զեկույցում նշվում է, որ լրտեսող ծրագրերը օգտագործվել են մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, լրագրողների, այլախոհների և իրավապաշտպանների թիրախավորման համար:

Հիշեցնենք, որ դեռ 2021թ-ին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էր հայտարարել, որ մեկ այլ լրտեսող ծրագրով՝ Pegasus ծրագրով, գաղտնալսել են իր և իր ընտանիքի անդամների բջջային հեռախոսները»։

Panorama.am