Վրաստանի խորհրդարանը մերժել է երկրորդ ընթերցմամբ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը պաշտոնապես հետ է կանչվել։ Օրինագիծը Վրաստանի խորհրդարանում ձախողվել է երկրորդ ընթերցմամբ, տեղեկացրել է վրացական Առաջին ալիքը։
Գրանցվել է 112 պատգամավոր։ Օրինագծին երկրորդ ընթերցմամբ չի աջակցել 35 պատգամավոր, դրա օգտին քվեարկել է մեկ պատգամավոր։
Ինչպես հայտնի է, երեկ խորհրդարանական մեծամասնությունը որոշում էր ընդունել հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ օրինագծի պաշտոնական հետկանչի համար անհրաժեշտ է ներկայացնել նախագիծ, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ, լիագումար նիստում, և դրվել է քվեարկության երկրորդ ընթերցմամբ։
Ինչ վերաբերում է երկրորդ օրինագծին, որը քվեարկության չի դրվել առաջին ընթերցմամբ, ապա, ինչպես բյուրոյի նիստում հայտարարել է Շալվա Պապուաշվիլին, նախաձեռնողներն արդեն այն հետ են կանչել։
«Տեղեկացնում ենք նախաձեռնողների՝ օրինագիծը հետ կանչելու դիմումի մասին, որը վերաբերում է այսպես կոչված ամերիկյան FARA-ի (Foreign Agents Registration Act) թարգմանությանը, և այն հետ է կանչվել»,- ասել է Պապուաշվիլին։
News.am