2023-03-10 14:40
Լրատվական գործակալություններ
Գրոսին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն է վերանշանակվել
ՄԱԳԱՏԷ–ի կառավարիչների խորհուրդը Ռաֆայել Գրոսիին գործակալության գլխավոր տնօրեն է վերանշանակել։ Տեղեկությունը հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
«ՄԱԳԱՏԷ–ի կառավարիչների խորհուրդը պարոն Ռաֆայել Մարիանո Գրոսիին նշանակել է գործակալության գլխավոր տնօրեն երկրորդ ժամկետով, որը կավարտվի 2027 թվականի դեկտեմբերի 2-ին», –գրել է Ուլյանովը Twitter–ում։
Հիշեցնենք` արգենտինացի դիվանագետ Ռաֆայել Մարիանո Գրոսին (ծնվել է 1961 թվականին) ՄԱԳԱՏԷ–ի ղեկավար էր նշանակվել 2019 թվականի դեկտեմբերի 3-ին։ Ավելի վաղ նա եղել է Ավստրիայում, Սլովենիայում, Սլովակիայում Արգենտինայի դեսպան և Վիեննայում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչ։
Sputnik Արմենիա