Բորել․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունները ԵՄ-ում գրեթե սպառված են

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու` Եվրամիության հնարավորությունները գրեթե սպառվել են։ Այս մասին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Պատժամիջոցների հարցում անելիքներ շատ չեն մնացել»,- Euractiv-ին տված հարցազրույցում ասել է Բորելը։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, «տարօրինակ կլիներ», եթե Ուկրաինայում իրավիճակի սրումից մեկ տարի անց «բազմաթիվ տարբերակներ մնային»։

«Մենք մոտենում ենք սանդուղքի վերջին աստիճաններին»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Նա համարում է, որ ԵՄ-ն այժմ պետք է կենտրոնանա Ուկրաինային ֆինանսական և ռազմական աջակցության ավելացման վրա։

Եվրամիությունն անցյալ տարվա փետրվարից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասը փաթեթ է կիրառել։ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս հայտարարել է, որ երկիրը հաղթահարելու է Արևմուտքի գործադրած պատժամիջոցների ճնշումը և շարունակում է դա անել մինչ օրս։

Sputnik Արմենիա