Բայրամովն ու Բոնոն քննարկել են դեպի Նախիջևան «անարգել անցումը»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հետ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպման ընթացքում քննարկվել է ադրբեջանա-հայկական խաղաղ համաձայնագրի բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակը, արծարծվել են Մյունխենի անվտանգության, հաղորդակցության համաժողովի ընթացքում առաջնորդների հանդիպումից բխող հարցեր, որոնք «կապահովեն անարգել անցումը» դեպի Նախիջևան, և սահմանազատման գործընթացի ներկայիս իրավիճակն ու հեռանկարները:

Հիշեցնենք, որ «անարգել անցում» ասելով Բաքվում նկատի ունեն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։  

Այնուհետև Բայրամովը սկսել է բողոքել Հայաստանից։ «Ջեյհուն Բայրամովը Լուի Բոնոյին հայտնել է, որ Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները եռակողմ հայտարարության շրջանակում, իր ուժերն ամբողջությամբ դուրս չի բերում Ադրբեջանի տարածքներից, շարունակում է պարբերաբար ռազմական սադրանքներ իրականացնել: Նախարարը զրուցակցին տեղեկացրել է նաև հայկական ծագում ունեցող բնակիչների վերաինտեգրման հարցում Ադրբեջանի տեսլականի մասին»,-մեջբերում են ԶԼՄ-ները։

News.am