ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՀՈՎՀԱՐԸ

Ինչպես ասում էին հին լատինացիները, ժամանակները փոխվում են, մենք էլ փոխվում ենք նրանց հետ: Կար ժամանակ, երբ ներկա վարչապետի հոգին փառավորվում էր Երևանի կենտրոնում տեղի ունեցող բռնություններից։ Կար ժամանակ, երբ նա նստած էր բանտում։ Կար ժամանակ, երբ արդեն վարչապետի կարգավիճակում չէր վախենում սովորական մարդկանց միջավայրում լինելուց, մասնակցում էր շաբաթօրյակների և անձամբ մաքրում մայթերը ծխախոտի քնթուկներից։

ԱՅՈ, ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՏԱՐԲԵՐ ԿԵՐՊՈՎ ԵՎ ՈՉ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ՄԻԱՆՄԱՆ: Բայց մեկ բան մնացել է անփոփոխ. Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սիրում են զարմացնել արտառոց արարքներով։ Հասարակական կարծիքին հակադրվելը նրանց համար առանձնահատուկ հաճույք է:

Լսելով Մարտի 8-ի առթիվ Աննա Հակոբյանի աղմկահարույց ելույթը, որում նա հավաստիացնում է, թե առ այսօր հայ կանայք ունեցել են միայն մեկ ընտրություն. կա՛մ դժբախտ լինել, կա՛մ թեթևսոլիկ անառակ, հիշեցի ներկայումս Լոնդոնում բնակվող Ակունին-Չխարտիշվիլիի մի գրքույկը: Լավ գրող է, թեկուզև ծպտյալ ռուսատյաց։

Գրքույկը կոչվում է «Ին և Յան». լուսավորն ու խավարը: Դետեկտիվ սյուժե, որի հերոսը հեղինակի սիրելի կերպարն է՝ խելացի Էռաստ Պետրովիչ Ֆանդորինը։ Սյուժեն ՝ համեմված Ակունինի կողմից կրկին իսկ սիրված Ճապոնական խորհրդավոր միստիցիզմով։ Ինտրիգն այդտեղ ծավալվում է կորած կախարդական հովհարի շուրջ, որը ժամանակին գողացել են ճապոնացի վանականներից։ Ճիշտ օգտագործման դեպքում այդ հինավուրց հովհարը երջանկացնում է տիրոջը, կատարում ցանկությունները: Բայց... ընդ որում աշխարհն ավելի դժբախտ է դառնում:

Ճիշտ է, այլընտրանք կա. եթե այդ հովհարը շրջես հակառակ ուղղությամբ, աշխարհի համար լավ կլինի, իսկ այ հովհարի տիրոջ վիճակը շատ կվատանա։ Այնպես որ ամեն ինչ կախված է տիրոջ կամքից, թե որ ուղղությամբ կբացի հովհարը:

Լսելով Հակոբյանի ելույթը՝ մտածում էի. իսկ գուցե ճապոնացի վանականների այդ կախարդական հովհարը ինչ-որ հրաշքով հայտնվել է Փաշինյան-Հակոբյան զույգի ձեռքո՞ւմ։ Այդ դեպքում այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Արցախում և առհասարակ աշխարհում, ծայրաստիճան հասկանալի է դառնում։ Քանզի կասկած չկա, թե որ ուղղությամբ մեր հերոսները կբացեին այդ հովհարը։

Չէ՞ որ իշխող ընտանիքի, մանավանդ Աննա Հակոբյանի համար ամեն ինչ հաստատ փոխվել է դեպի լավը։ Հեքիաթային կերպով փոխվել: Իսկ այն, որ շրջակա աշխարհը գահավիժում է անդունդ, իշխող ընտանիքին եթե անգամ հուզում է, ապա ոչ այնքան։ Քանի որ իրենք բոլորովին մեղավոր չեն, որ կախարդական հովհարը կառուցված է այդպիսի տարօրինակ ձևով։

Ինչո՞ւ ենք համոզված, որ Աննա Հակոբյանը հենց այդպես է ընկալում իրականությունը։ Դա ակնհայտ է, երբ նայում ես, թե ինչ ծայրահեղ ինքնավստահությամբ է մեր խնամված առաջին տիկինը սովորեցնում հայ կանանց չտառապել, ինչպես երջանիկ լինել՝ հրաժարվելով կարծրատիպային մոտեցումներից։ Սեփական անվերապահ իրավացիության մեջ այդքան վստահ են լինում կա՛մ շատ երջանիկ մարդիկ, կա՛մ մասնագիտացված բժշկական հաստատությունների խնամարկյալները:

Ավա՜ղ և ափսո՛ս, որ Ակունին-Չխարտիշվիլիի գրքում ոչինչ չի ասվում այն մասին, թե որքան է այդ հովհարի պիտանիության ժամկետը: Եվ առաջին տիկնոջ մտքերը լսելիս ակնհայտ է դառնում. նա վստահ է, որ կյանքի իր դասերով հիացած մարդկանց հրճվալից ծափահարությունների ներքո ժպտալու իրավունք դեռ շատ երկար է ունենալու։ Դեռ երկար է իրավունք ունենալու կյանքի դասեր տալ հայ կանանց։ Եվ ոչ միայն հայ, և ոչ միայն կանանց։ Հնարավոր է, որ չի սխալվում…