Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը ձերբակալվել է

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը ձերբակալվել է։ Նույն վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս 8 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Գևորգ Սիմոնյանը, 2020-2022թթ ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, «CՕVID-19»-ի ախտորոշման և բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող կազմակերպությունների ցանկում ներառել է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը:

Նշվում է, որ ԱՆ տեղակալ Գևորգ Սիմոնյանը «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենի հետ քավորսանիկական, ինչպես նաև նախկինում ունեցած գործնական հարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դիտավորությամբ չի կատարել իր վրա դրված պարտականությունները։

«Սիմոնյանը հսկողություն չի իրականացրել դուրսգրման տրիաժ խմբի պատասխանատու Լ. Ե.-ի և խմբի անդամների նկատմամբ, որի հետևանքով հիշյալ խմբի անդամները, այցելելով «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերություն, ստացիոնար բուժում ստացող անձանց հիվանդության պատմագրերում առկա կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ»,-նշում է ՔԿ-ն։

«Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն հնարավորություն է ստացել նախնական համաձայնությամբ խարդախության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ:

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահում) հանրային քրեական հետապնդում հարուցելու նախկին փոխնախարարի, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ի, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի ու ևս 8 անձի նկատմամբ։ Նրանք ձերբակալվել են։

Sputnik Արմենիա