100 ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԶՆԱՎՈՒՐ. ՀՀ ՆԱԽԿԻՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ` ՀԱՅԿԱԿԱՆ «ՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ» ՄԱՍԻՆ
Հայկական սփյուռքի փափուկ ուժը եղել է (և կա) ոչ թե փողով լցված պարկը, այլ ամբողջ աշխարհի քաղաքական գործիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների հետ կապերը։ Sputnik ռադիոկայանի եթերում այս մասին ասել է Էդվարդ Նալբանդյանը, որը 2008-2018 թվականներին զբաղեցնում էր ՀՀ արտգործնախարարի պաշտոնը։
Նա պատմել է դիվանագիտական ոլորտում ունեցած երկարամյա աշխատանքային փորձի, հայկական դիվանագիտության մեջ Շառլ Ազնավուրի դերի, Ռուսաստանի և ԵՄ–ի հետ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև Թուրքիայի հետ և Արցախի շուրջ տեղի ունեցած բանակցությունների մասին։
ԽՍՀՄ–ի փլուզումն ու խորհրդային դիվանագետների «ընտանիքները»
Երբ ԽՍՀՄ–ը փլուզվեց, Նալբանդյանն արդեն փորձառու դիվանագետ էր, հասցրել էր աշխատել Լիբանանում Խորհրդային Միության դեսպանությունում (քաղաքացիական պատերազմի թեժ ժամանակահատվածում), այնուհետև ԽՍՀՄ–ի արտաքին գործերի նախարարությունում։ 1986 թվականից աշխատում էր Եգիպտոսում ԽՍՀՄ դեսպանությունում։ 1992 թվականին Նալբանդյանն աշխատանքի անցավ Ռուսաստանի դեսպանությունում, երբ հրավեր ստացավ ՀՀ ԱԳՆ–ից։ Հրավերը հնչեցրեց նաև ՀՀ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, որն այդ ժամանակ գտնվում էր տարածաշրջանում և Նալբանդյանին հանդիպման էր հրավիրել։
«Դուռ չեմ շրխկացրել, հարաբերություններ չեմ խզել, հակառակը` ազնվորեն բացատրել եմ գործընկերներիս, որ խղճով եմ առաջնորդվում և այլ կերպ չեմ կարող»,– պատմում է Նալբանդյանը։
ՀՀ դեսպանությունը, որը ստեղծվեց զրոյից, տեղի մի շարք դիվանագետների գնահատականներով` իր ենթակառուցվածքներով և հնարավորություններով լավագույններից մեկը դարձավ։ Դրանում օգնեց նաև Եգիպտոսի հայ համայնքը։
«Հայաստանը բացառիկ երկիր է, որը ոչ միայն բուն Հայաստանն է, այլև էլի հարյուր «փոքր Հայաստաններ» աշխարհի հարյուր երկրում, որտեղ հայեր են ապրում և կազմակերպված համայնքներ ունեն», – ասում է Նալբանդյանը։
Աշխատանքում նրան օգնում էին եգիպտացի պետական գործիչները, որոնցից շատերի հետ հասցրել էր ծանոթանալ երկրում աշխատելու երկար տարիների ընթացքում (Եգիպտոսում աշխատել է 1986-1998 թթ.)։
Նալբանդյանն օգնում էր նաև ՌԴ դեսպանատան գործընկերներին, որոնց հետ բավական ջերմ հարաբերություններ էր պահպանել, և մշտապես փոխադարձ աջակցություն կար։
Փափուկ ուժ
1999 թվականին Նալբանդյանը դեսպան նշանակվեց Ֆրանսիայում, որտեղ «Հայաստան» ասելիս բոլորը հիշում են Շառլ Ազնավուրին։
Այն ժամանակ Ազնավուրը ՅՈւՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպանն էր, իսկ երբ Նալբանդյանը գլխավորեց ԱԳՆ–ն, Ազնավուրին հրավիրեց դառնալ Հայաստանի դեսպանը Շվեյցարիայում և շվեյցարական միջազգային կազմակերպություններում։ Դա բազմաթիվ դռներ էր բացում։
Նալբանդյանը հիշում է, որ Հայաստանի դեսպանատան կազմակերպած ընդունելություններից մեկի ժամանակ ինքը մաեստրո Ազնավուրի հետ դռների մոտ դիմավորում էր հյուրերին։
«Մարդիկ ժամերով հերթ էին կանգնում, որպեսզի սեղմեն ձեռքը, իհարկե ոչ թե իմը, այլ Շառլ Ազնավուրինը։ Այնուհետև Հայաստանի դեսպանությունը ընդունելություն կազմակերպեց Opéra Garnier–ում Ֆրանսիայի ազգային տոնի (նշվում է հուլիսի 14-ին. խմբ.) առթիվ։ 5 հազար մարդ էր եկել, և շատերը նեղսրտել էին, որ հրավեր չէին ստացել», – հիշում է Նալբանդյանը։
Դիվանագետը նշում է, որ Ֆրանսիայում իրականացրած առաքելությունը մեծ պատիվ ու պատասխանատվություն էր` հաշվի առնելով Ֆրանսիայի և Հայաստանի միջև դարավոր սերտ հարաբերությունները։ Հիանալի իմանալով Ֆրանսիայի պատմությունը` նա հաճախ իր համար բացահայտում էր հայ գործիչների, որոնք իրենց ներդրումն են ունեցել Ֆրանսիայի այս կամ այն տարածաշրջանի զարգացման հարցում։ Բազմիցս հանդիպել է 200-300 տարվա պատմություն ունեցող հուշարձանների, որոնց վրա եղել են հայկական ազգանուններ և շրջանի բնակիչների անունից նրանց ուղղված երախտիքի խոսքեր։ Նախկին արտգործնախարարի խոսքով` իր համար մեծ պատիվ էր անձամբ ճանաչել Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի ցմահ անդամ դարձած Ժան Գառզուին (Գառնիկ Զուլումյան) ու մի շարք հայտնի գիտնականների, գործարարների, արվեստի գործիչների։
Նույնը կարելի է ասել Եգիպտոսի հայերի մասին, որոնցից մեկը հայտնի Պողոս Նուբար փաշան էր (անկախ Եգիպտոսի առաջին վարչապետը) և բազմաթիվ այլ ականավոր գործիչներ։ Տարիների ընթացքում հայ համայնքն այնտեղ փոքրացել է, բայց պահպանել է իր ազդեցությունը։
Դեռ դե Գոլի ժամանակներից Ֆրանսիան ՆԱՏՕ–ի երկրների շարքում տարբերվում էր իր բազմավեկտոր քաղաքականության ձգտումով։ Այդ մասին երկրի ղեկավարները խոսում էին և՛ բազմաբևեռ աշխարհակարգի տարիներին, և՛ 90-ականներին (ԱՄՆ–ի գերիշխանության շրջանում), և՛ հետագայում։ Նույնիսկ 2009 թվականին ՆԱՏՕ–ի ռազմական կառույցներ վերադառնալով` հանրապետությունը չփոխեց իր դիրքորոշումը։ Ֆրանսիացի դիվանագետների հետ շփումը հարստացրեց Նալբանդյանի փորձը. շուրջ 10 տարվա աշխատանքի ընթացքում նա հասցրեց ծանոթանալ Ժակ Շիրակի և Նիկոլյա Սարկոզիի արտաքին քաղաքականության գծով խորհրդականների, ինչպես նաև դեռ Ֆրանսուա Միտերանի ժամանակ աշխատած նախկին խորհրդականների հետ։
Հայաստանի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը (OIF) տասնյակ երկրների հետ նոր մակարդակի կապերի, ՄԱԿ–ի և այլ կազմակերպությունների շրջանակում տարբեր խնդիրների վերաբերյալ մոտեցումների համակարգման հնարավորություն տվեց։ 2018 թվականին Երևանում Նալբանդյանի ջանքերի շնորհիվ անցկացվեց OIF գագաթնաժողովը։ Դա մեծ դիվանագիտական հաջողություն էր մի երկրի համար, որը կազմակերպության լիիրավ անդամ էր դարձել ընդամենը 6 տարի դրանից առաջ` 2012 թվականին։
Նալբանդյանը հիշում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում հաջողվել էր հասնել մի իրավիճակի, երբ Երևանի դիրքորոշումը համահունչ էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) դիրքորոշմանը, որոնց ղեկավարները հակամարտության վերաբերյալ 5 հայտարարություն հնչեցրին։
«Երբ հեռանում էի նախարարի պաշտոնից, հայտարարեցի, որ շատ կարևոր է ամրապնդել այդ հաջողությունը, որպեսզի դրա հիման վրա հասնենք բացառապես խաղաղ, քաղաքական կարգավորման», – հիշում է նախարարը։
Թուրքիայի հետ հարաբերություններ
Մինչ օրս Նալբանդյանի աչքի առաջ է Թուրքիայի արտգործնախարարի հետ դիվանագիտական արձանագրությունների ստորագրման (Ցյուրիխում 2009 թվականի հոկտեմբերին. խմբ.) տեսարանը։ Թիկունքում ԱՄՆ–ի, ՌԴ–ի և Ֆրանսիայի արտգործնախարարներն էին։
«Մենք շատ բանի էինք հասել. առանց որևէ նախապայմանի Թուրքիան գնաց արձանագրությունների ստորագրման, որոնց նախագծերը Հայաստանն էր առաջարկել։ Այսինքն` ոչ թե Թուրքիան էր փաթաթում մեր վզին, այլ Հայաստանն էր առաջարկում։ Ընդ որում` հետագայում փաստաթղթից հրաժարվեց թուրքական կողմը, ինչը ևս բավական հատկանշական է», – ասում է Նալբանդյանը։
Զարգանում էին նաև ԵՄ–ի հետ հարաբերությունները, որի հետ Հայաստանը համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ստորագրեց։
«Դրանից հետո տարբեր «քաղաքագետներ» սկսեցին ասել, թե Հայաստանը դեպի Արևմուտք է շրջվում։ Բայց այդ համաձայնագրում, երեք առանցքային տեղերում նշված էր, որ հարաբերությունները զարգանալու են` հաշվի առնելով այլ ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի պարտավորությունները։ Բնականաբար, խոսքը Եվրասիական միության մասին էր, որին արդեն անդամակցում էր Հայաստանը», – հավելում է Նալբանդյանը։
Չնայած հայ–ռուսական հարաբերությունների բարձր կարգավիճակին` այստեղ էլ անելիք գտնվեց. 2010 թվականին` ավելի քան 20 տարի անց, կայացան երկրների ղեկավարների առաջին փոխադարձ պետական այցերը։ Միայն երկու երկրների նախագահների և վարչապետների մակարդակով կայացավ ավելի քան 100 հանդիպում, իսկ արտգործնախարարի մակարդակով` ավելի քան 400։
Հայաստանը զարգացնում էր հարաբերությունները նաև մյուս միջազգային գործընկերների հետ (Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա), իսկ ՄԱԿ–ի շրջանակում, հայ դիվանագետների ջանքերով, Գլխավոր վեհաժողովի մակարդակով որոշվեց դեկտեմբերի 9-ը Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր հռչակել։ Որոշումն ընդունվեց կոնսենսուսով, այսինքն` նույնիսկ այն երկրները, որոնք կարող էին դեմ քվեարկել, հայտնվեցին մի իրավիճակում, երբ չկարողացան դա անել։